Երեկ Իտալիայի առաջնության 13-րդ տուրի «Կյեվո»-«Ինտեր» հանդիպման 37-րդ րոպեին «Ինտերի» կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օն գլխով հարվածել է մրցակցի ֆուտբոլիստ Բոստյան Սեզարի կրծքավանդակին` տապալելով վերջինիս գետնին: Դա տեղի է ունեցել վայրկյաններ անց նրանից հետո, երբ Սեզարը հարվածել է Էտո’Օի դեմքին գնդակի համար պայքարելու ժամանակ: Նույն դրվագում, մինչ Սեզարից հարված ստանալը, Էտո’Օն նույնպես պայքարի մեջ օգտագործում էր ձեռքերը:
Կամերունցին, փաստորեն, կրկնել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի հարվածը, որը վերջինս իրագործել էր 2006թ Աշխարհի գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Մատերացիին «պոզահարելու» համար Զիդանն անմիջապես հեռացվել է խաղադաշտից, սակայն երեկ Սամուել Էտո’Օն մրցավար Ջանպաոլո Ռոկիից կարմիր քարտ չստացավ: Ավելին` հանդիպման երկրորդ ավելացված րոպեին Էտո’Օն գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Դա, սակայն, չփրկեց «Ինտերին», քանի որ այդ պահին հաշիվն արդեն 2:0 էր` հօգուտ «Կյեվոյի»:
Չնայած մրցավարը Էտո’Օին կարմիր քարտ ցույց չի տվել, Իտալիայի լիգայի կարգապահական կոմիտեն քննարկելու է այդ հարցը: Իտալացի վերլուծաբանները համոզված են, որ Էտո’Օին չի հաջողվի խուսափել որակազրկումից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=103