Home / Հայաստան / ԼՂՀ-ում սպանված զինվորների գործով մեկ անձ է ձերբակալվել

ԼՂՀ-ում սպանված զինվորների գործով մեկ անձ է ձերբակալվել

Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում գրանցված միջադեպի արդյունքում հրազենային կրակահերթերից զոհված 4 ժամկետային զինծառայողների գործով զինվոր է ձերբակալվել:

Այս մասին Epress.am-ին հայտնել է Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նա նշել է, որ նախաքննության շահերից ելնելով` իրենք դեռևս հավելյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ԼՂՀ ՊԲ  հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում:

Միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարոզչության բաժինը տեղեկացրել էր, որ առաջ են քաշվել մի քանի վարկածներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանություն» կետով: