Գրող, ֆուտուրոլոգ Մաքսիմ Կալաշնիկովն իր բլոգում բաց նամակ է տեղադրել` ուղղված ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Նամակում ֆուտուրոլոգը կանխատեսում է Պուտինի պարտությունը լիբերալ ընդդիմությանը:
«Դուք, Պուտին, և ձեր թիմը կորցրել եք կամքն ու չգիտեք` ինչ անել: Դուք ի վիճակի չեք կանխել կոռուպցիան. չէ՞ որ դա անելու համար պետք է ոչնչացնեք սեփական թիմը: Մահու չափ զզվեցրել եք բոլորին, մասնավորապես, ՌԴ քաղացիների ակտիվ զանգվածին: Այս ամենի ապագան կանխատեսելն այնքան էլ դժվար չէ: Դուք պարտվելու եք, ընդ որում` լիբերալները, ԱՄՆ-ի օգնությամբ, ներգրավելու են նաև փողոցի ընդդիմությանը, ինչպես նաև Պուտինի թիմակիցներին: ԱՄՆ-ն արդեն պատրաստել է նման սցենար»,- ասվում է նամակում:
Ավելի վաղ Մաքսիմ Կալաշնիկովն իր բլոգում բաց նամակ էր տեղադրել` ուղղված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որում տարբերակներ էր առաջարկում Ռուսաստանն ավելի ժամանակակից դարձնելու համար: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հանդիպմանը Դմիտրի Մեդվեդևը կարգադրել էր դիտարկել քաղաքացի Մաքսիմ Կալաշնիկովի առաջարկներն` ուղղված տնտեսության զարգացմանը: