Home / Հայաստան / Սկանդալային դպրոցի հեռացված տնօրենին կարող են վերականգնե՞լ

Սկանդալային դպրոցի հեռացված տնօրենին կարող են վերականգնե՞լ

Այսօր ՀՀ Վարչական դատարանում կայացել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի բողոքի քննումն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի, որով դադարեցվել էին իր լիազորությունները:

Դատական նիստին Մերուժան Ենգիբարյանին ներակայցնում էր Մելսիկ Մանուկյանը, իսկ պատասխանող կողմը ներկայացնում էր ԿԳՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Վարդանյանը:

Հայցվոր կողմը պահանջել է դատարանից անվավեր ճանաչել ԿԳ նախարարի հրամանը, համաձայն որի Մերուժան Ենգիբարյանը ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից: Հայցվոր կողմն իր պահանջի հիմքում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքի 6 և 13 հոդվածները:

Մանուկյանն ընդգծել է այն փաստը, որ իր պաշտպանյալը 37 տարի շարունակ աշխատել է այդ դպրոցում, իսկ 2008 թվականին ԿԳ նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ` իր աշխատանքը գերազանց կատարելու համար:

Պատասխանող կողմը` ի դեմս Լիլիթ Վարդանյանի, առարկել է դիմումը` հիմնավորելով այն փաստով, որ դպրոցի տնօրենը լիովին պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է դպրոցում: Հիմք ընդունելով այն, որ դպրոցում արձանագրվել է մանկապղծության դեպք` Լևոն Ավագյան անունով ուսուցչի կողմից, ինչի վերաբերյալ հարուցված է քրեական գործ և կա դատարանի որոշում` պատասխանող կողմը գտնում է, որ տնօրենը չի տիրապետել իրավիճակին:

Համաձայն դատավոր Միրզոյանի որոշման` դատական նիստը հետաձգվել է: Պատասխանող կողմը պարտավորվել է 3 օրյա ժամկետում ներկայացնել ԿԳ նախարարի կողմից տնօրեն Վարուժան Ենգիբարյանի հեռացման մասին որոշման հիմքերը:

Մելսիկ Մանուկյանը նիստի հետո լրագրողների հետ զրույցում պնդել է, որ իր պաշտպանյալի գործն այս տարի մանկապղծության մեղադրանքով դատապարտված Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի դեպքի որևէ առնչություն չունի:

Ենգիբարյանի փաստաբանը նշել է, որ իրենք դիմել են ՀՀ Վարչական դատարան վիճարկելու, իր խոսքերով, հարգարժան նախարարի հրամանի` օրենքին ոչ համապատասխան լինելու փաստը:

«Հայցվոր կողմը գտնում է, որ չկա այն օրենսդրական հիմքը, որով արձակվել է հրամանը»,- ասել է Մելսիկ Մանուկյանը:

Դատական նիստին ներկա էր նաև ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԿԳՆ ներկայացուցիչը ԿԳ նախարարին հավուր պատշաճի չի ներկայացրել դատարանում:

«Եվ մի պահ տպավորություն էլ թողեց, որ հնարավոր հետդարձ կարող է լինել: Դա անթույլատրելի է, կրթության և գիտության նախարարության շահերից չի բխում: Կարծում եմ, որ այն երեք օրը, որ տրվեց ԿԳՆ ներկայացուցչին, բավական ժամանակ է, որպեսզի փաստաբանը շատ հիմնավորված ներկայացնի նախարարի հրամանը»:

Անահիտ Բախշյանը անհնարին է համարում դպրոցի տնօրենի անտեղյակ լինելը դպրոցում կատարվող դեպքերի մասին:
 
«Տնօրենը պարտավոր է կանխել նմանատիպ դեպքերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակներում: Իսկ եթե դա չի արվել, ապա մնում է մտածել, որ մասնակից է եղել»,- ասել է Բախշյանը:

Լրագրողների հետ զրույցում ԿԳՆ ներկայացուցիչ Լիլիթ Վարդանյանն էլ նախ պարզաբանել է, որ ինքը փաստաբան չէ, այլ ԿԳՆ-ի իրավաբանական վարչության մասնագետ, և ասել է, որ իրենք տնօրենի հեռացումը պնդելու են մինչև վերջ:

«Հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է ԿԳՆ ներկայացուցիչը:

Դատական նիստի մասնակից, բնապահպան ակտիվիստ, ինչպես նաև նույն դպրոցում մանկապղծության աղմկալի դեպքի առաջին արձագանքողներից Մարիամ Սուխուդյանն էլ ասել է, որ ինքը փաստեր և վկայություններ ունի, որ տնօրենը տեղյակ է եղել Լևոն Ավագյանի կողմից մանկապղծության դեպքերին, քանի որ դպրոցի երեխաները փաստել են, որ իրենք բազմիցս դիմել են իրենց տնօրենին և դպրոցում աշխատող տնօրենի կնոջը:

«Այո, Ենգիբարյանն իմացել է այդ մասին, և ոչ միայն դա, նրա հետ կապված այլ բաներ էլ կան. ծեծերը, բռնության դեպքերը»,- ասել է Սուխուդյանը:

Նա ԿԳՆ ներկայացուցչին լրագրողների ներկայությամբ համագործակցության առաջարկ է արել, և պատրաստակամություն հայտնել տրամադրել իր ձեռքի տակ եղած փաստերը, իսկ վերջինս ասել է, որ դա առնչություն չունի տվյալ գործի հետ:

«Ինչո՞ւ չեն փորձում համագործակցել: Ի՞նչ ա, հատուկ ա արված, որ սցենարն էսպես գնա, ու վերականգնվի, ու էդ մանկապիղծ տնօրենը հետ գա ու շարունակի երեխաների ճակատագրերը պղծել»,- ասել է ակտիվիստը:

Նա նաև հավելել է, որ ինքը մեծ մտավախություն ունի և հավաստի աղբյուրներից լսել է, որ տնօրենին վերականգնելու են իր նախկին պաշտոնին: