Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) երիտասարդական ասոցիացիան Հայաստանում երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ շարունակվող հետապնդումների կապակցությամբ բանաձև է ներկայացրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նոյեմբերի 19-ից 21-ը կայացած Լիբերալ երիտասարդության միջազգային ֆեդերացիայի (ԼԵՄՖ) հավաքին, որն ընդունվել է 105 երկրների պատվիրակների կոմղից:
Բանաձևում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով երիտասարդ առաջնորդ և 2009 թվականից քաղբանտարկյալ հանդիսացող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջերս իրականացված ֆիզիկական բռնությունը, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 9-ին կայացած խաղաղ ցույցի ժամանակ Հայաստանի ոստիկանության կողմից երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ գործած ապօրինությունները;
Ընդգծելով այն փաստը, որ մի երկրում, որը ձգտում է ժողովրդավարական արժեքներին և եվրոպական կառույցներին էլ ավելի ինտեգրվելուն անընդունելի են քաղբանտարկյալների գոյությունն ու քաղաքական հետապնդումները;
Լիբերալ երիտասարդության միջազգային ֆեդերացիան (ԼԵՄՖ) դատապարտում է երիտասարդ ակտիվիստների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները, ինչպես նաև՝ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կալանավայրում գործադրված բռնության դեպքերը:
ԼԵՄՖ-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին իրականացնել վերը նշված իրադարձությունների անաչառ, համապարփակ հետաքննություն և պատժել մեղավորներին օրենքի ողջ խստությամբ:
ԼԵՄՖ-ը Հայաստանի իշխանություններին նաև կոչ է անում անհապաղ լուծել 12 քաղբանտարկյալների խնդիրը, ինչը Եվրոպական ընտանիքին միանալու Հայաստանի պատրաստության ազդանշան կհանդիսանա։
ԼԵՄՖ-ը կոչ է անում Ֆեդերացիայի բյուրոյին և անդամ կազմակերպություններին հետևել այս պահանջների կատարման ընթացքին և պահպանել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում քաղաքական հալածանքներին առնչվող խնդիրներում»։
Նշենք, որ Բեյրությում ՀՀՇ կուսկացության երիտթևն ընտրվել է ԼԵՄՖ-ի լիիրավ անդամ: Մինչ այդ 7 տարվա ընթացքում ՀՀՇ երիտթևը համագործակցել է ԼԵՄՖ-ի հետ: