Հայաստանում բնակվող մի խումբ երիտասարդ կանայք, ովքեր չեն ներկայացնում ոչ քաղաքական կուսակցություններ, ոչ էլ հասարակական կազմակերպություններ, նոյեմբերի 24-ին, ժամը 18.30 կազմակերպում են խաղաղ ցույց նախագահական նստավայրի դիմաց: Ցույցի նպատակն է` դիմել ՀՀ նախագահին` խնդրելով պահպանել իրենց իրավունքներն ու չվավերացնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 22-ին, մի խումբ կանայք նախագահին դիմում-նամակ էին հղել, որով պահանջել են նախագահից չստորագրել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն երրորդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը:
Նամակում ասված է.
«Նախագծով սահմանվում է հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի նպաստների սահմանափակում: Այս նամակով կցանկանայինք առավելագույնս Ձեր ուշադրությունը հրավիրել վերոնշյալ առաջին նպաստին, քանի որ եթե մինչ օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով /140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով/, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով:
Մենք գտնում ենք, որ նմանատիպ փոփոխությունները կարող են միայն բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետության համար, քանի որ այս նախագիծը կստիպի 150.000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ ստացող յուրաքանչյուր կնոջ այլընտրանքի առջև կանգնել’ պահպանել նորմալ կենսակե՞րպ, թե՞ զավակ ունենալ, և վերջինիս մատնել շատ պայմանական գոյության թե՛ խնամքի միջոցների, տնային պայմանների և թե՛ որակյալ բուժօգնության առումով:
Բացի այդ, ՀՀ-ում 150.000 ՀՀ դրամից ավել ստացող երիտասարդները հիմնականում հանդիսանում են բավականին որակյալ մասնագետներ և նրանց մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների: Քանի որ այս օրինագիծը անմիջականորեն ազդում է իրենց կենսամակարդակի վրա, այն ուղղակիորեն կխթանի այդ մասնագետների արտագաղթը դեպի ավելի արդար աշխատանքային և կենսական պայմաններ առաջարկող օտար երկրներ: Հատկապես, երբ ներկայումս բոլորիս ուշադրությանն են արժանանում հարևան և բարեկամ երկրներում հետզհետե ծնելիության աճին նպաստող միջոցառումների կտրուկ զարգացումները, տպավորություն է ստեղծվում, թե մեր պետությունը կարիք չունի ոչ բնական աճի, ոչ աճող և խոստումնալից երիտասարդ մասնագետների:
Հաշվի առնելով վերը թվարկված բացասական երևույթները, ինչպես նաև այն, որ ներկայումս այս օրինագծի ընդունմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից և չստորագրելով այն, խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը և իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի’ ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը»: