ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն:
Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը:
Գործարանի բացման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկության ղեկավարների հավաստմամբ` մի շարք եվրոպական և ամերիկյան ընկերություններից ձեռք բերված սարքավորումներն ու տեխնոլոգիան ապահովում են արտադրվող մարտկոցների բարձր որակը, արտադրության բոլոր գործընթացներում նվազագույնի է հասցված մարդկային միջամտության գործոնը, որակի վերահսկման նպատակով գործում են ժամանակակից համակարգչային սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ:
Նշվել է նաև, որ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում, ընկերությունը հնարավորություն կունենա բավարարել ոչ միայն Հայաստանի պահանջը, այլև` հարևան պետությունների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը: