Երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի Նոր Նորքի շտաբում Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Նոր Նորքի Կոնգրեսի ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցել են մոտ երկու հարյուր ակտիվիստներ: Կոնգրեսի ներկայացուցիչները խոսել են սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղբանտարկյալների, Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մասին: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշել է, որ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը սկսում է հանրահավաքների շարքը և փորձում է տեսնել` «ինչքան ժողովուրդ է հավաքվում, ինչքան է ռեժիմը թուլացել և ինչքան է ռեժիմի հնարավորությունները` վախեցնելու ինչ-որ մարդկանց»:
«Մենք փորձելու ենք այս ռեժիմի ամրությունը և ես համոզված եմ, որ շատ արագ, համենայնդեպս, այդ պրոցեսները այդ ուղղությամբ են գնում, մենք տեսնելու ենք թուլացումը, ու կարծում եմ` մենք բաց չենք թողնի այս պահը, երբ պետք է գնալ և հասնել արդյունքի»,- նշել է Զուրաբյանը: