Ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածի հայկական դիրքերում տեղի է ունեցել հերթական արյունալի միջադեպը, որին զոհ են գնացել չորս և վիրավորել ևս չորս զինծառայող, ու տարօրինակ է, որ միջադեպի վայրում չի հիշատակվում համապատասխան սպայի պարտադիր ներկայությունը։ Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:
«Վերջին շրջանում Հայկական դիրքերում սպանությամբ և «ինքնասպանությամբ» զոհվողների թիվը մի քանի անգամ գերազանցում են թշնամու գնդակից զոհվածների թվին՝ հիշեցնելով պատերազմական օրերի խրոնիկա։ Միակ բացատրությունը տվյալ դեպքում կարող է լինել միմիայն բանակում կանոնակարգային հարաբերությունների ամբողջական փոխարինումը կրիմինալ, գողական հարաբերություններով, ուժեղը՝ թույլին, վերադասը՝ ենթականերին անմարդկային վերաբերմունքի և դաժան ստորացումների ենթարկելու տարածված ախտով, ինչի սահմռկեցուցիչ կադրերից մի քանիսն այս ընթացքում պատահաբար մատչելի դարձավ ողջ հասարակությանը։ Մարդկային զոհերով ուղեկցվող միջադեպերի նույնականությունը, հաճախականության կտրուկ մեծացումը վաղուց անցել են «մտահոգություն առաջացնելու» աստիճանը և «SOS»-ի ազդանշան են՝ ուղղված ողջ հասարակությանը։ Մինչդեռ հասարակական արձագանքները բանակում տիրող քրեածին ու կորստաբեր իրավիճակին «զզվանք» են պատճառում Սերժ Սարգսյանին։ Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է բանակի թեմայով մեր արած հայտարարությունների եզրահանգումները, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիպուկ գնահատականը, որ՝ «Քաղաքական տեսակետից մենք գործ ունենք չափազանց վտանգավոր մի իրողության հետ, քանի որ Սերժ Սարգսյանն այսպիսով փաստորեն պարտակում է բանակում տեղի ունեցող հրեշավոր հանցագործությունները եւ խրախուսում դրանց շարունակումը՝ սպայակազմին հասկացնել տալով, թե ինչ ուզում եք արեք, ես ձեր թիկունքին եմ»», – նշում է Կոնգրեսը։
Հայ Ազգային Կոնգրեսը, խորապես ցավակցելով զոհվածների ընտանիքներին, արձանագրել է, որ «բանակը անխուսափելիորեն ընդունել է Հայաստանում տիրող ավազակապետական կրիմինալ ռեժիմի բոլոր որակները»։
«Մեծաթիվ երիտասարդ մարդկային կյանքեր խլող, թավալգլոր, շղթայական ռեակցիայով հաճախացող արյունալի իրադարձությունների առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Ոճրագործ, պետականության ու ազգի համար ինքնասպան այս ընթացքը հնարավոր չէ կանխել ո՛չ պատասխանատու սպաներին, անգամ ո՛չ համապատասխան նախարարներին խստագույնս պատժելով անգամ, մանավանդ, որ նման մտադրության նշույլ անգամ չի նկատվում։ Իրավիճակը ինչպես այս, այնպես էլ կյանքի մնացած բոլոր բնագավառներում կարող է շտկվել միմիայն այդ ամենի սկզբնապատճառի ու հիմքի՝ ավազակապետական, մարդասպան ռեժիմի վերացմամբ, օրինական իշխանության և սահմանադրական կարգի հաստատմամբ։ Այսօր դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է ու պարտավորությունը՝ որպես ընդհուպ սեփական երեխայի կյանքի երաշխիք։ Այլապես նույն ուղտն այսօր թե վաղը կարող է չոքել ամեն մեկի դռանը՝ անկախ նրա պաշտոնից, դիրքից ու սոցիալական վիճակից», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։