2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 628.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 669.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 86.2%-ով և 78.1%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 16.5%-ով կամ շուրջ 89 մլրդ դրամով: Ընդ որում, 15.5%-ով (78.1 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 95.4%-ով կամ 2.9 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 25.2%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով` այլ եկամուտները: