ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։
«Վերջին շրջանում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրներին։ Մեզ համար կարևոր է, որ կա հասարակական աջակցություն, հասարակական ակտիվ մասնակցություն, ինչն էապես հեշտացնում է մեր անելիքները, քանի որ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ` մենք իրազեկում ենք մեր քաղաքացիներին իրավիճակի մասին, համատեղ միջոցառումներ ենք իրականացնում, ինչպես նաև կառավարության կողմից ընդունված ազգային ծրագիրը մշակված է մեր հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ։ Դա է երաշխիքը, որ մենք կկարողանանք էապես կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանում», – Տիգրան Սարգսյանի խոսքերն է փոխանցում Կառավարության տեղեկատվական բաժինը։
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման հիմնական ուղղություններին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման ուղղությամբ իրականացվելիք հետագա միջոցառումները։ Նա, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ճանապարհային աուդիտի համակարգի ներդրման ու անվտանգության կանոնների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը։
«Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով Հայաստանում այս տարի անցկացվող միջոցառումների շարքը եզրափակող միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանում և միջազգային մակարդակով կատարված աշխատանքները։ Զեկուցումներով հանդես են եկել FIA (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ուարդը, ՌԴ Ճանապարհային ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարության Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության պետ Վիկտոր Կիրյանովը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջին-Միշել Հափին։