Home / Հայաստան / Քաղբանտարկյալը հնարավորություն չունի տեղեկանալու դրսում անցկացվող ակցիաների մասին

Քաղբանտարկյալը հնարավորություն չունի տեղեկանալու դրսում անցկացվող ակցիաների մասին

Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն իր վրդովմունքն է հայտնել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ  Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս տեղի ունեցածի վերաբերյալ: Այս մասին Հացպանյանն այսօր փոխանցել է Epress.am-ին:

«Ես շատ վրդովված եմ Նիկոլի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, ինձ չափից դուրս մտահոգում են դրանք, և ես շատ զայրացած եմ, որ դրսում գտնվող մարդիկ այդ առումով միայն հայտարարություններ են անում: Միգուցե, կան բաներ որ ես չգիտեմ, միակ ինֆորմացիոն հնարավորությունն ինձ համար «Ազատություն» ռադիոկայանն է, որն օրը երեք անգամ եթեր է տալիս, և ես օրը երեք անգամ եմ աշխարհի հետ կապնվում»,- նշել է Սարգիս Հացպանյանը:

Քաղբանտարկյալը տեղյակ չէր, որ թե‘ Նիկոլ Փաշինյանի, թե’ մյուս քաղբանտարկյալների համար վերջին շրջանում մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպվում:
Հացպանյանն իր զարմանքն է արտահայտել այդ կապակցությամբ` նշելով. «Զարմանալի է` ինչու ռադիոն չի ասում այդ մասին»:

Խոսելով քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մասին` Սարգիս Հացպանյանը նշել է, որ ինքը Սասուն Միքայելյանի հետ երեք ամիս անցկացրել է դատպարտյալների հիվանդանոցում և անհանգստանում է վերջինիս առողջական վիճակի համար:

Սարգիս Հացպանյանը նաև կոչ է արել պայքարող մարդկանց դիմել ամեն վճռական քայլի, «որպեսզի քաղբանտարկյալներն օր առաջ ազատվեն և գնան իրենց տները»: 

Լուսանկարը` azatutyun.am-ի