Հայաստանի ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հարցով դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին:
Պաշտպանի նամակի մեջ ասված է.
«Զանգվածային լրատվամիջոցներով հայտնվել է, որ ս.թ. նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նպատակով վերջինիս տեղափոխել են պատժախուց` առանց դատապարտյալների համար նախատեսված իրավունքների սահմանափակման: Նշվածի վերաբերյալ Ն.Փաշինյանը և իր փաստաբան Վ. Գրիգորյանը հայտարարություն են տարածել առ այն, որ տեղափոխումը կատարվել է առանց Ն. Փաշինյանի համաձայնության և վերջինս նշված խնդրով ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
Նշվածի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնվել է Ն. Փաշինյանին, և վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց:
Խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները նշված իրարամերժ տեղեկությունների, ինչպես նաև Ն. Փաշինյանին ս.թ. նոյեմբերի 14-ին պատժախուց տեղափոխելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ»: