Այսօր Երևանի կենտրոնում՝ Կոնսերվատորիայի դիմաց գտնվող Կոմիտասի արձանի մոտ, հավաքվել էին բազմաթիվ մտավորականներ, ովքեր ակցիա անցկացրեցին՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:
Ակցիայի ընթացքում նաև հայտարարություն ընդունվեց, որի տակ ստորագրեցին 105 արվեստի և մշակույթի գործիչներ:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը լրագորղների հետ զրույցում ասաց, որ այստեղ կային մարդիկ, որոնք, միգուցե, առաջին անգամ այս տասնամյակի ընթացքում համաձայնեցին ստորագրել մի բան, որը արտոնված չէ իշխանության կողմից:
«Սա բավական չէ, և ես կարծում եմ, որ Հայաստանում վեց տասնյակից ավելի մտավորական պետք է լինի, այս երկիրը մտավորականի մշակույթի երկիր է, և այն, որ միայն վաթսունն են, չպետք է ուրախանալ: Մեր երկիրը պիտի ազատենք, և այստեղ եկել են ոչ միայն Նիկոլի ազատության համար, այլև իրենց ազատության համար» (զրույցի պային հայտարարության տակ ստորագրել էր 60 մտավորական, իսկ հետագայում թիվը հասավ 105-ի – Epress.am)»,- ասել է կինոռեժիսորը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշել է, որ կարևորն այն վտանգավոր իրողությունն է, որ Երրորդ Հանրապետության մնայուն հիմնական արժեքները վտանգված են:
«Նիկոլն իմ կրտսեր եղբայրն է, ինձ համար ավելի հեշտ կլիներ Նիկոլի տեղը լինել, քան այս վիճակում, ես ուղղակի չեմ կարող ինձ այդ պատասխանատվությունից ազատել` որպես Երրորդ Հանարպետության հիմնադիր: Մենք հիմնել ենք Երրորդ Հանրապետությունը որպես մարդու, քաղաքացու հիմնարար իրավուքնների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց, ոչ թե բռնության գործիք, այդպիսի պետություն մենք չէինք կարող ստեղծել»,- ասել է Բլեյանը:
Նշենք նաև, որ ակցիային մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ, որոնք դասավանդում են Նիկոլ Փաշինյանի երեխաներին:
Նկարիչ Գրիգոր Խաչատրյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկանը կարծիք են հայտնել, որ նման ակցիան պետք է ավելի շուտ կազմակերպվեր:
Նիկոլ Փաշինյանի կինը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ համախմբումը տեղի ունեցավ, ինչը շատ կարևոր է իրենց համար:
Հակոբյանի խոսքով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ այս մարդիկ կանգնած են և թույլ չեն տա, որ քնած մարդու վրա հարձակվեն:
«Ես դա համարում եմ թույլ քայլ, ով ուզում է արած լինի»,- նշել է Հակոբյանը: