Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Քայլ առաջ 3D» ֆիլմի դերակատար Մայքլ Բրեային, ով մասոնական թուրով մասնատել է իր 55-ամյա մորը` Յանիկ Բրեային: Խելագարված դերասանը, ով մասոնական խմբավորման անդամ է, մորը սպանելիս Աստվածաշնչից հատվածներ է արտասանել, գրում է The New York Post-ը:
Տեղի ունեցածի մասին հայտնել են հարևանները, ովքեր զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ կնոջ սահմռկեցուցիչ ձայներ են լսվում Բրեաների բնակարանից: Նրանց փոխանցմամբ` տղամարդու ձայն էլ էր լսվում, ով Աստվածաշնչից հատվածներ էր մեջբերում:
Հարևան Գրեգ Քլերի խոսքով` Մայքլը հոգևոր հովվի ձայներանգով է խոսել և մորը հարցրել է, թե արդյոք նա հավատում է Հիսուս Քրիստոսին: Ի պատասխան` կինը օգնություն է կանչել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները դժվարությամբ են ձերբակալել դերասանին, անգամ էլեկտրաշոկ են կիրառել այդ նպատակով: