Home / Հայաստան / Եթե Ալիևը հրամայի խաղաղություն հաստատել, բոլորը խաղաղություն կցանկանան. հարցազրույց

Եթե Ալիևը հրամայի խաղաղություն հաստատել, բոլորը խաղաղություն կցանկանան. հարցազրույց

ՄԱԿ-ն ու ԵՄ-ը ջանքեր են գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն նրանք աշխատանքներ են տանում դիվանագիտական մակարդակով: Անմիջապես ժողովրդի հետ ոչ ոք չի աշխատում, իսկ իշխանությունները միայն լարում են իրավիճակը: Այս մասին «Գերմանական ալիք» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի իրավապաշտպան, «Ադրբեջանի կանանց պաշտպանության միություն» հ/կ-ի հիմնադիր Նովելա Ջաֆարօղլուն: ՀԿ-ն հիմնադրվել է 1989 թվականին, երբ ծագեց ղարաբաղյան խնդիրը: Այդ ժամանակվանից հակամարտության կարգավորման խնդիրը կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Ադրբեջանցի իրավապաշտպանը կարծում է, որ թշնամու կերպարը, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում քարոզում են տարածաշրջանի իշխանությունները, ամենամեծ խոչընդոտն է հակամարտության կարգավորման ճանապարհին: Ջաֆարօղլուի խոսքով` անհրաժեշտ է գիտակցել, որ պայքարել պետք է ոչ թե հողերի, այլ բարիդրացիական հարաբերությունների համար. «Հիշեք` ինչ հարաբերություններ են ունեցել Գերմանիան ու Լեհաստանը կամ Գերմանիան ու Ֆրանսիան: Այժմ ամեն ինչ այլ կերպ է»:

Ադրբեջանցի իրավապաշտպանի խոսքով` միայն ժողովրդավարությունը կարող է փրկություն լինել Կովկասի համար: «Թե Ադրբեջանում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Երկու երկրներում էլ ոտնահարվում են մարդու իրավունքները, չկա ԶԼՄ-ների ազատություն, իշխանությունների մոտ բացակայում է ժողովրդավարական մտածողությունը», – ասել է Ջաֆարօղլուն: Նրա խոսքով` ժողովրդավարության մուտքը Կովկաս հիմք կդնի խաղաղությանը: «Հայերն ու ադրբեջանցիները, միևնույնն է, ապրելու տեղ ունեն, տարածքի հարցը կկորցնի սրությունը», – հուսով է իրավապաշտպանը:

Այսօր, սակայն, Բաքվում իշխանությունների ազդեցությունը շատ մեծ է. «Եթե մեր կառավարությունն այսօր ասի, որ պատերազմ է լինելու, ժողովուրդը պատերազմ կուզի: Եթե ասի, որ պետք է խաղաղություն հաստատել, բոլորը խաղաղություն կուզեն: Մենք ուզում ենք, որ հասարակությունը «ոչ» ասի անգամ այն դեպքում, երբ իշխանությունները պատերազմ են ուզում»:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման միջնորդներին, ապա Ջաֆարօղլուն չի հավատում դրանց արդյունավետությանը: «Թե Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանն իրենց շահերն ունեն տարածաշրջանում», – ասել է իրավապաշտպանը` համոզմունք հայտնելով, որ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը պետք է գա ներսից, ժողովրդից: 
    
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի սահմանների կարգավորումը հնարավոր է այն դեպքում, եթե «ադրբեջանցի փախստականները վերադառնան այնտեղ», իսկ հայերը ազատեն «գրավյալ տարածքները»:

Դրանից հետո, ըստ Ջաֆարօղլուի, Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացվի: «Այդ դեպքում հնարավոր կլինի որոշել` ինչպես նրանք ապրեն` առանձին, կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կազմում: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել այնպես, որ ոչ-ոք նվաստացած չլինի», – համոզված է իրավապաշտպանը: