Երեկ` նոյեմբերի 24-ին, «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և խորհրդարանական խմբակցության ղեկավար, վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանության 1-ին քարտուղար Դանիել Հոսթինգսին:
Իսկ այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և դեսպանորդ Սերգեյ Ավչենկոն հյուրընկալեցին Րաֆֆի Հովհաննիսյանին և Ռուբեն Հակոբյանին:
Հանդիպումների ընթացքում, ի շարս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի, քննարկվեցին արցախյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության ու կայունության և այլ հարցեր:
«Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների և սահմանագծում Ադրբեջանի զինուժի կողմից մերթընդմերթ սանձազերծվող ոտնձգությունների առնչությամբ: Նաև ներկայացվեց ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության որդեգրած դիրքորոշումը:
Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններն իրենց տեսակետներն արտահայտեցին քննարկված օրակարգի մասին` ընդգծելով, որ հարցի քաղաքական լուծումն այլընտրանք չունի, և իրենց կառավարությունները ձգտում են հիմնախնդիրը բանակցային գործընթացում պահելու և քաղաքական լուծումներ գտնելու համար: Այս մասին հայտնում են «Ժառանգության» լրատվական ծառայությունից: