Օրաթերթը գրում է, որ օրերս կոալիցիոն ուժերը, իսկապես, միասին քննարկել են քաղբանտարկյալների հարցը:
ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանի` այս մասին մամուլով արած հայտարարությունը, սակայն, խանդի տեսարններ է առաջացրել նախագահականում, ըստ այդմ` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներսում: Այսպիսի պատկերի մենք էլի ենք ականատես եղել: Հիշեցնենք. այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, նախագահականն անմիջապես հերքում տարածեց` անհարմար դրության մեջ դնելով ԱԺ նախագահին: Սերժ Սարգսյանը նեղվել էր, որ իր որոշման մասին առաջինը հայտարարել էր ոչ թե ինքը, այլ իր կուսակցական կոլեգան: Հիմա Սերժ Սարգսյանն ու նրան սատարող քաղաքական ուժերը նեղվել են, որ ԲՀԿ-ն առաջ է ընկել` իրենց ձեռքից տանելով PR-ի հերթական շանսը: Արդյունքում, «ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական վերնախավին ինտենսիվ լուրեր տարածել, թե իբր ԲՀԿ-ն «բլեֆ» է արել, որ այդպիսի քննարկում տեղի չի ունեցել: Սերժ Սարգսյանի հանձնարարականն ի գիտություն ընդունածները չեն հապաղել: Այլ բան չէինք էլ ակնկալում, չնայած ներկոալիցիոն «ռազբորկաներն» առանձնապես չեն հետաքրքրում ոչ հասարակությանը, ոչ էլ, առավել ևս` քաղբանտարկյալներին: