Home / Հայաստան / Բանակի կրիմինալիզացիան հարմար է Հայաստանի իշխանություններին. կլոր սեղան

Բանակի կրիմինալիզացիան հարմար է Հայաստանի իշխանություններին. կլոր սեղան

Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը և գերագույն գլխավոր հրամանատարը պետք է հրաժարական ներկայացնեն: Նման կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում կազմակերպած կլոր սեղանի ընթացքում Սաքունցն ընդգծել է 44 մահացության դեպքերը, որոնք գրանցվել են բանակում 2010 թվականի ընթացքում: Դրանցից յոթը, ըստ պաշտոնական տվյալների, զինադադարի խախտման հետևանքով են տեղի ունեցել:

Արթուր Սաքունցի խոսքով` մահացության դեպքերի առյուծի բաժինը կազմում են ներկանոնադրական հարաբերությունների խախտումները և հրամանատարների կողմից կատարված ապօրինությունները. «Առավել սարսափելին այն է, որ սպանության դեպքերով պատասխանատուներ չեն բացահայտվում, կամ դրանք փորձում են ձևակերպել որպես ինքնասպանություն»:

Բանախոսը համաձայնեց Պաշտպանության նախարարության այն տեսակետի հետ, որ բանակը հասարակության հայելին է, «որովհետև էն, ինչ տիրում է երկրում, նկատի ունեմ քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի առումով, այսպես կոչված, ազատ պայմաններում, բանակից դուրս, նույնը կատարվում է նաև բանակի ներսում»: Որքան շատ լինեն նման քննարկումներ և հրապարակումներ մամուլում, այնքան իրավիճակը փոխելու հավանականությունն ավելի մեծ կլինի, համոզված է իրավապաշտպանը:

Սաքունցը խոսեց նաև Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով 4 զինվոր վիրավորվեց և 4` սպանվեց: Նա աբսուրդ անվանեց այն հանգամանքը, որ վիրավորվածներից մեկին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել: «Իսկ սպաների կամ հրամանատարի պատասխանատվության մասին կ՞ա թիվ», – հետաքրքրվեց իրավապաշտպանը` հարց բարձրացնելով, թե «ինչի մենք պետք է վստահենք այս տվյալներին և հետաքննություն չանցկացնենք»:

Կլոր սեղանի ևս մեկ մասնակից` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Միքայել Դանիելյանն ասաց, որ հայկական բանակն ունի երկու խնդիր` կրիմինալիզացիա և անօրինականություն: «Մինչև այսօր ոչ ոք չի խոսում գլխավոր թեմայից` ինչու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ծառայում Լեռնային Ղարաբաղում»: Ըստ նրա` այստեղից է սկսվում անօրինականությունը:

Դանիելյանի խոսքով` անօրինականության վրա կառուցվում է կրիմինալիզացիա, որն, իրավապաշտպանի համոզմամբ, շատ հարմար է հայաստանյան իշխանություններին: «Կրիմինալիզացված բանակի հետ կարելի է աշխատել, կարելի է պահել ձեռքի մեջ»:

Իրավապաշտպանը նաև նշեց, որ եթե չխոսվի Ղարաբաղում ՀՀ քաղաքացու ծառայության անօրիկանության մասին, «մենք չենք կարող լուծել ոչ մի պռոբլեմ: Փոխվի Սեյրան Օհանյանը, Խաչատուրովը, չի փոխվի ոչինչ բանակի ներսում: Դա չի փոխում բանակը: Բանակն ի սկզբանե պետք է լինի օրինական»: