Ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի միջոցով սպանված Զարուհի Պետրոսյանի երեխայի խնամակալությունը ցանկանում է ստանձնել վերջինիս քրոջ սկեսուրը` Անահիտ Կարապետյանը: Վերջինս այս մասին հայտարարել է Զարուհի Պետրոսյանի հիշատակին նվիրված երթի ընթացքում, որն այսօր կազմակերպվել էր Երևանում: Նշենք, որ երթին մասնակցում էր նաև սպանված աղջկա քույրը:
Երթը մեկնարկել է Թամանյանի արձանի հարակից տարածքից և շարժվել է մինչև ՀՀ գլխավոր դատախազության շենքի տարածք: Երթի մասնակիցները թռուցիկներ էին բաժանում մարդկանց և ստորագրահավաք էին իրականացնում` սպանության գործով դատավարութան արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ էրեխուն մեզ տան, ոնց կլինի, թողնենք էրեխուն էդ մարդասպանը պահի: Զարուհին, երբ գալիս էր մեր տուն, ու ես էրեխուն կերակրում էի, ասում էր քիչ տուր, թե չէ կիսուրս կասի` տարար էրեխու ստամոքսը լենացրիր, բերիր: Զարուհին մի 15 օր մեր տանն ա մնացել, չէր ուզում գնար տուն, հետո ամուսինը էկավ, ծեծելով-ջարդելով տարավ տուն»,- պատմել է Զարուհու քրոջ սկեսուրը:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Զարուհու սկեսուրը ենթարկվել է որևէ պատասխանատվության, Անահիտ Կարապետյանն ասել է, որ անհասկանալի պատճառներով նա ազատության մեջ է:
«Ես շատ խստորեն պահանջում եմ հատկապես Զարուհու կիսուրին պատասխանատվության ենթարկել, չգիտեմ, երևի, հովանավոր ունի, որ մինչև հիմա ազատ ֆռֆռում ա», – հայտարարել է նա:
Երթի ընթաքում իրականացվել է նաև դրամահավաք, որից ստացված հասույթը հատկացվելու է Զարուհի Պետրոսյանի 1.5 տարեկան աղջկան: Գումարը փոխանցվելու է հաշվեհամարին, որից կարող է օգտվել միայն աղջիկը` չափահաս դառնալուց հետո:
Ակցիայի ընթացքում մասնակիցները նամակներ են հանձնել ՀՀ կառավարություն և ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցում պահանջում են համարժեք գործողություններ ծավալել տվյալ գործի արդար քննության վերաբերյալ:
Նշենք, որ ակցիան նախաձեռնել էին «Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը, Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոն»-ը, «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը: Վերոնշյալ կազմակերպությունները Զարուհի Պետրոսյանի մահից հետո կոալիցիա են ստեղծել` նպատակ ունենալով հետամուտ լինել գործի քննությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=108