Home / Армения / Թուրքիան դաշնակցում է այն երկրների հետ, որոնց վրա ազդեցություն ունի. զեկույց

Թուրքիան դաշնակցում է այն երկրների հետ, որոնց վրա ազդեցություն ունի. զեկույց

Թուրքիան և Իսրայելը աշխարհաքաղաքական իմաստով դաշնակիցներ են. թե Թուրքիան, թե Իսրայելը որոշակի առումով Մերձավոր Արևելքում օտար տարրեր են: Այս թեմայով նոյեմբերի 24-ին Կովկասի ինստիտուտում զեկույց է ներկայացրել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետի կարծիքով` 1990-ականների կեսերին երկու պետությունների միջև ռազմավարական դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի ջանքերը սկսել են որոշակի արդյուքներ տալ. «96-ին համագործակցության պայմանագիր էր ստորագրվել, և անգամ քննարկվել էր ռազմական միություն ստեղծելու միտքը»: Սակայն 90-ականների վերջին իրավիճակը սկսել է կտրուկ փոխվել:

«Եթե փորձենք վերլուծել այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, կարող ենք հասկանալ, որ փաստացի Թուրքիան նախապատվությունը տալիս է արաբական աշխարհին և Իրանին ոչ միայն կրոնական տեսանկյունից, այլ այն պատճառով, որ այդ պետությունների հետ սահմաններ ունի, այնինչ Իսրայելի հետ Թուրքիան սահման չունի»,- նշել է Սաֆրաստյանը:

Փորձագետի կարծիքով` Թուրքիայի համար ավելի շահավետ է դաշնակից լինել այն պետություններին, որոնց վրա այն կարող է ազդեցություն ունենալ, այլ ոչ թե Իսրայելի հետ ռազմավարական դաշնակից լինել, «որի հետ Թուրքիան կարող է դաշնակից լինել, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Իսրայելի` տարածաշրջանում վարած քաղաքականության վրա»:

Խոսելով թուրք-իսրայելական հակամարտության հետագա զարգացման մասին` փորձագետն ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ մի կողմից` Թուրքիան փորձելու է տպավորություն ստեղծել, թե իբր պատրաստ է Իսրայելի հետ հարաբերությունների վերջնական խզմանը, մյուս կողմից` թուրքական դիվանագիտությունը փորձելու է պահպանել համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում գործող քրդական կազմակերպությունների գործունեության մասին տեղեկատվություն ստանալու համար:

Կովկասի ինստիտուտում զեկույցով հանդես է եկել նաև ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով ուշադրությունը կենտրոնացնելով 20-րդ դարի կեսերի վրա` հայտատարել է, որ «Իսրայելի համար անհրաժեշտ էր «հեռու դաշակիցներ գտնելը»:

«Երկու մեկուսացված հարևան պետությունների հարաբերությունների զարգացումը շատ բնական էր»,- նշել է քաղաքագետը` Իսրայելն ու Թուրքիան անվանելով «իրենց տարածաշրջանի օտար տարրեր»:

Իսկանդարյանի խոսքով` Թուրքիայի նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականությունը զուտ աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և «եթե Թուրքիան որոշի փոխել իր մոտեցումն Իսրայելի նկատմամբ, ապա Իսրայելը ներքին ոչ մի պատճառ չունի այդ քայլին գնալու համար»: