ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքի կարևորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները:
Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին, Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Թուրքմենստանի կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի մշակույթի նախարարության և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի և Թուրքմենստանի Կառավարությունների միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջև 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը:
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները երկկողմ բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Սերժ Սարգսյանը խոսել է ստորագրված փաստաթղթերի կարևորության մասին, նաև նշել, որ Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
«Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցության լուրջ ներուժ կա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքն սկսեց Աշգաբատում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը ևս:
«Մենք, իհարկե, նաև քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը և սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը և հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում:
Միջազգային հանրության կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար և երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
«Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին և նրա աշխատասեր ժողովրդին»,- ասել է Թուրքմենստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին` Հայաստան պաշտոնական այցի հրավերի համար:
Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն և այլն, համագործակցության հեռանկար է տեսնում: