Սերժ Սարգսյանի` ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելը սխալ էր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք ասելիք ունենք, և միշտ ներկա պիտի լինենք մեր խոսքով, ազգային և պետական դիրքորոշումներով, համարձակ մատուցմամբ և ժողովրդի հանրային մանդատով: Ես գիտեմ որ այս իշխանությունը, այս նախագահությունը չունի այդ լիարժեք ընտրական մանդատը, բայց պետք է ունենա նվազագույն համազգային գիտակցությունը, որ նեղանալը միջազգային հարաբերությունների կամ դիվանագիտության մեջ մեզ տրված շռայլություն չէ: Եթե մենք ինքնավստահ ենք, եթե մենք մեր իրավունքների տեր ենք, պիտի միշտ ներկա լինենք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խոսելով դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ կանխատեսումներ չի կարող անել, և արցախյան հարցի կտրվածքով մեծ ակնկալիք չունի:
«Ինչպես գիտեք, քաղաքական մեծամասնության խնդրանքով հետաձգեցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քվեարկությունը մինչև Աստանա, որ իրենք կարողանան համոզվել, որ անհրաժեշտ է` թեկուզ ուշացած, ի վերջո, ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- մեզ հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Նա տեղեկացրել է նաև, որ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:
«Հուսով եմ, որ Աստանայում խիստ բեկումնային դասեր չեն լինի քաղելիք մեր հասարակության և քաղաքական գործիչների համար, բայց ես կարծում եմ, որ հերթական դրվագը կլինի, որի հիման վրա արդեն կհասունանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը»,- մեկնաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանը: