Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ուրուգվայի հայազգի խոշոր գործարարները ստեղծել են վետերանների և պահեստայինների համակարգման կենտրոն, որը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանց տեղափոխելու է հակամարտության դաշտ Իրանի օդային տարածքով: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը` հղում կատարելով «Կանխարգելող մոբիլիզացում» ծրագրի կազմակերպչին` ազգությամբ հայ խոշոր ռուսական գործարարին, որը ցանկացել է անունը գաղտնի պահել:
Նրա խոսքով` այս աշխատանքներն իրականացվում են «Հայ վետերանների և պահեստայինների» հասարակական շարժման շրջանակներում:
Շարժման ակտիվիստների հաշվարկներով` ծրագրին կարող է մասնակցել մոտ 200 հազար հայ` աշխարհի ավելի քան 38 երկրներից:
Այն հարցին, թե ինչ մեթոդներով է գործելու սփյուռքը պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, աղբյուրը պատասխանել է. «Երբ պատերազմի շեմին ես, բոլոր մեթոդներն էլ ընդունելի են: Մենք, իհարկե, Բեն Լադենի մեթոդները չենք կիրառի, այլ կգործենք բաց ու ավելի կոշտ: Ակնհայտ է, որ ներկա պահին Ղարաբաղը վտանգի տակ է: Չկա Ղարաբաղ` չկա և Հայաստան: Իսկ եթե չկա Հայաստան, չկան և հայեր: Ազգը վտնագի տակ է, այս փաստը գիտակցում են բոլոր այն հայերը, ովքեր մտնում են այս կազմակերպության պահեստայինների շարքը, որտեղից էլ որ նրանք լինեն` Իրանից մինչև Աբխազիա և Ջավախք, Ուկրաինայից ու Բուլղարիայից` մինչև ԱՄՆ և Արգենտինա: Չեք հավատա, բայց պահեստայինների շարքերն են անցել նույնիսկ ազգությամբ ոչ հայ քաղաքացիներ, ովքեր մեր գործն արդար են համարում: Այս առումով առավել ակտիվ են հակաթուրքական դիրքորոշում ունեցող ազգերը`սերբերը, բուլղարացիները, նույնիսկ իտալացիները»:
Հարցին, թե արդյոք հայկական կառավարությունն ու իշխանությունը աջակցում են այս շարժմանը, գործակալության զրուցակիցը հայտարարել է. «Այս հարցի վերաբերյալ դեռ չեմ ցանկանում փակագծերը բացել, Աստանայի գագաթաժողովից հետո ամեն ինչ ինքնըստինքյան պարզ կդառնա»: