Օրաթերթը զրուցել է պաշտոնաթող փոխգնդապետ, «Հայրենքի ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել բանակում տիրող իրավիճակի մաիսն:
«Բանակում բարոյական մթնոլորտը ստեղծում է դասակի, վաշտի հրամանատարը, նրանց տեղակալները` սերժանտական և ցածր սպայական կազմը: Մենք այս տեսակը չպատրաստեցինք: Փորձ արվեց զինվորական ուսումնարանում, բայց տեսեք, թե ինչ պատրաստվածության, ինչ որակի ու սպաներ ու սերժանտներ տրվեցին բանակին: Իսկ երբ այս խավը բանակում բացակայում է կամ վատորակ է` սպասել լավ բանակ, լավ կարգապահություն, առաջադրանքի լավ կատարում` միամտություն է: Բանակում չի լուծվել նաև սոցիալական խնդիրը: Առկա է մեծ մասշտաբների կոռուպցիա: Վերցնենք բարձրաստիճան հրամանատարների կազմը` նրանց դղյակները, այլ ունեցվածքը և եկամուտները…
Երկրում է տիրում այս իրավիճակը, նույն անբարո բարքերը, սոցիալական վիճակը, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները տանուլ են տրված: Այս պարագայում խոսել, մեղադրել այս կամ այն զինվորականի` շարքային, հրամանատար , թե նախարար, լուրջ չէ: Այս խնդիրները լուծելու համար լրջագույն պետական հոգատարություն է պահանջվում, որի սկիզբը դրված չէ: Ավելին, այս ռեժիմի պարագայում անհնարին է, չի լինի… Պետք է ունենալ նախ լրջագույն կրթական բազա, բարոյական ցենզեր: Իսկ մեր զինվորական առանձին տեղամասերում ոչ թե «դեդավշչինան» է, այլ գաղութի օրենքները», – ասել է Գառնիկ Մարգարյանը: