Home / Армения / Դատախազության մոտ արդարություն պահանջեցին քաղբանտարկյալների և «Ա1+» հարցերում

Դատախազության մոտ արդարություն պահանջեցին քաղբանտարկյալների և «Ա1+» հարցերում

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի տեղի ունեցավ  ևս մեկ ակցիա: Ակցիան կամզակերպել էր քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն: Ակցիային մասնակցում էին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, նախկին քաղբանտարկյալները և Կոնգրեսի ակտիվիստները:

Նրանք դատախազության առջև վանկարկում էին «Սերժիկ, մարդասպան», «Ազատություն», «Նիկոլ»: Ակցիայի ընթացքում, երբ դատախազության շենքից սկսեցին դուրս գալ շենքի աշխատակիցները, ակցիայի մասնակիցները սկսեցին    վանկարկել «Ամոթ, ամոթ»:

Մեկ ժամ տևած ակցիայից հետո ժողովուրդը երթով շարժվեց դեպի ԵԽ գրասենյակ` տանելով ԵԽ գլխավոր քարտուղր Յագլանդին հասցեագրված նամակը: Քաղբանտարկայլների կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց իրենց Կոմիտեի նախաձեռնած նամակի բովանդակությունը.

«Հակառակ ԵԽԽՎ ընդունած բոլոր բանաձևերի` մասնավորապես վերջին 1677 բանաձևի, Հայաստանի իշխանությունները չեն կատարում դրանց պահանջները, մասնավորապես, չեն ազատում քաղբանտարկայլներին, նույն կերպ շարունակում են չկատարել «Ա1+» հեռուստաընկերության եթեր տրամադրելու, հավաքների ազատությունն ապահովելու և այլ պահանջներ: Մենք պահանջում ենք ԵԽ-ից, նրա Խորհրդարանական վեհաժողովից և Մոնիտորինգի հանձնաժողովից` օգտագործել բոլոր լծակները, դիմել անհրաժեշտ քայլերի, որպեսզի ապահովվի ԵԽԽՎ բանաձևերի պահանջների կատարումը: Իսկ առաջին հերթին` անմիջապես ազատ արձակվեն քաղբանտարկյալները»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանին:

«Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում ադմինսիտրացիայի գիտությամբ կամ հրահանգմամբ ենթարկվում է բռնությունների: Նրա նկատմամբ հերթական բռնարարքներից հետո չի կատարվել անկախ դատաբժշկական փորձաքննություն, պատշաճ կերպով չեն արձանագրվել և պահպանվել այդ բռնարարքի նյութական ապացույցները, ավելին` նա տեղափոխվել է պատժախուց, ինչի առթիվ արդարադատության նախարարությունը տվել է երկու միմյանց տրամագծորեն հակասող պաշտոնական բացատրություն: Մենք ակնկալում ենք ձեր միջամտությունը, որպեսզի երաշխավորվի Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտագությունը  և չխոչընդոտվի նրա հրապարակախոսական գործունեությունը»:

Նույնաբովանդակ մի նամակ էլ Քաղբանտարկյալների Կոմիտեն կհանձնի  նաև ԵԱՀԿ-ին: