ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «շատ հաջող» անվանեց Ընտրական օրենսգրքի շուրջ երկօրյա քննարկումները:
«Մի կողմից, իհարկե, հնչում է քննադատություն, որ, ահա, ներկայացվեց նախագիծ, մեզ հետ ոչ ոք չքննարկեց, չեն ուզում ոչ մի գաղափար ընդունել», ասել է Հարությունյանը: Մյուս կողմից` ՀՀԿ-ական պատգամավորի համար շատ անսպասելի մտքեր և գաղափարներ հնչեցին, ընդ որում` ոչ թե քաղաքական գործիչներից, այլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ ՀՅԴ-ի կողմից բարձրացված խնդիրներին.
«Դաշտում առկա են հակադիր կարծիքներ: Կան կուսակցություններ, որոնք պնդում են հարյուր տոկոսով մեծամասնական համակարգին անցնելու մասին: Ինչ լուծում էլ դու առաջարկես, միշտ կգտնվեն կուսակցություններ, որոնք համաձայն չեն, որովհետև կան կուսակցություններ, որոնք կառուցված են, որպես կանոն, խարիզմատիկ մարդկանց վրա, և այդ կուսակցությունները նախընտրում են ունենալ հարյուր տոկոսով մեծամասնական ընտրություններ»:
Ինքը` Դավիթ Հարությունյանը, հակված է այսօրվա միջանկյալ տարբերակին. «Հարյուր տոկոսանոց համամասնական մոդելները շատ հաճախ բերում են կուսակցական ֆունկցիոներների խորհրդարանում»:
Գոյություն ունեն ավելի կատարյալ մոդելներ, սակայն, Հարությունյանի համոզմամբ, դրանք ավելի բարդ են: «Մենք պետք է պատշաճ մակարդակի ընտրություններ ապահովենք թերևս պարզ մոդելներով, հետո մտածենք բարդ մոդելների կիրառման առումով», – ասել է նա: