«Թույլ տալով մեզ խոսել բանակի մասին` մենք բոլորս առաջացնում ենք Հայաստանի գերագույն հրամանատարի զզվանքը, բայց մի կերպ կդիմանանք դրան», – «ՀՀ զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերը» թեմայով այսօրվա նիստին հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Տիգրան Խզմալյանը:
Խզմալյանը սխալ է համարում պաշտոնյաների այն հայտարարությունները, թե բանակը չի կարելի քննադատել:
«Սա արդարանալու ձև չէ, ովքեր այսպես են մտածում, չարաչար սխալվում են»,- ասել է նա:
Բանակի և հասարակության առողջացման և խնդիրների լուծման բանալին Խզմալյանը համարել է հայկական ավանդական ընտանիքը, որը, նրա խոսքերով, դեռևս չի կործանվել:
«Մենք, չունենալով պետություն, գոյություն ունենք որպես ընտանիք: Այդ իսկ պատճառով պետք է տեր կանգնենք մեր ընտանիքներին: Յուրաքանչյուր հայ ընտանիքում կա գոնե մի հոգի, ով կապ ունի բանակի հետ»,- մասնավորեցրել է բանախոսը:
«Ինչպե՞ս հասանք սրան»,- հարց է բարձրացրել Խզմալյանը և թվարկել այն հանգամանքները, որոնք, ըստ նրա, հանգեցրել են այս վիճակին:
«1996 թվականին իշխանությունն առաջին անգամ ուժ գործադրեց իր ժողովրդի նկատմամբ: Դրան հաջորդեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը: Եվ ահավասիկ մենք ունեցանք 2008 թվականի մարտի 1-ը, որտեղ իշխանությունն ու բանակը դուրս եկան ժողովրդի դեմ: Մարտի 1-ին բանակը դարձավ ոստիկանություն»,- ասել է Խզմալյանը:
«Բանակը բանտ է, ոստիկանական բաժանմունք, զոնա, որովհետև մեր հասարակության մեջ ստեղծվել է զոնայի գաղափարախոսությունը: Պետությունն ու բանակը զոհն են այս գաղափարախոսության», – եզրափակել է նա: