Այս տարի Հայաստանում խոզի գրիպի վիճակը նման է ոչ թե անցյալ տարվա տվյալներին, այն նախանցյալ տարվա, երբ վիճակը նորմայի մեջ էր: Epress.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Նա նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում խոզի գրիպի դեպք դեռևս չի արձանագրվել:
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ այս տարի խոզագրիպի վարակի առաջին դեպքը գրանցվել է Թբիլիսիում: Վարակվածը 26-ամյա կին է, ով երկու օր առաջ դիմել է բժշկի` շնչառության հետ խնդիրների հետ կապված: Համապատասխան հետազոտությունից հետո պարզվել է, որ կինը հիվանդ է խոզագրիպով:
Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է լրագրողներին, որ «խոզագրիպի վարակի տարածման հավանականություն» երկրում դեռևս չկա:
Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք երեկ կապվել են Վրաստանի իրենց գործընկերների հետ և տեղեկացել, որ իրոք գրանցվել է խոզագրիպի առաջին դեպքը:
«Ասեմ, որ Հայաստանում այժմ իրականցվում է սուր շնչառական, վիրուսային հիվանդությունների նկատմամբ մոնիտորինգ: Մենք ունենք համապատասխան պատվաստանյութը, և եթե մասնագետները անհրաժեշտ համարեն, կիրականացնեք պատվաստում, առաջին հերթին, խոցելի խմբերի նկատմամբ` մասնավորապես բուժանձնակազմի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրել է Շուշան Հունանյանը: