Ընդհանրապես, բոլոր երկրներում էլ քաղաքական պայքարի ընթացքում երբեմն ոչ թույլատրելի կարգով այս կամ այն քաղաքական ուժը օգտագործում է նաև այդ կրիմինալի հնարավորությունները: «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով կրիմինալի և իշխանությունների սերտաճման մասին հարցին, ասել է ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
«Սակայն հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական ուժ, որի նպատակը երկրի զարգացումն ու օրինական երկիր ստեղծելն է, իշխանության գալուց հետո ինքն իր ձեռքով, կոպիտ ասած, չեզոքացնում է, խեղդում է այն կրիմինալին կամ այն ուժերին, որոնց ինքն օգտագործել է: Մուսոլինին, երբ Իտալիայում եկավ իշխանության, եկավ իտալական մաֆիայի օգնությամբ: Բայց դրանից հետո շնորհակալական կարգով մաֆիայի բոլոր պարագլուխներին հրավիրեց, եթե ճիշտ եմ հիշում, «Կարավելա» նավի վրա խրախճանքի, ինքը մի կես ժամ ուշացավ, նավը պայթեց, և կրիմինալն ու մաֆիան վերացան», – ասել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ այդ օրինակը, միգուցե, տիպական չէ մեր երկրի համար, յուրաքանչյուր քաղաքական ուժ իշխանության գալուց հետո վանում է կրիմինալին, նույնիսկ շատ խիստ պատժում է` մոռանալով նրա մատուցած ծառայությունները:
«Ցավոք սրտի, Հայաստանում իշխանությունները եկան այդ կրիմինալի օգնությամբ և հետո դարձան նրանց պատանդը: Այսինքն` կրիմինալը, մականունավորները ներխուժեցին իշխանական տարբեր օղակներ: Եվ դա, ցավոք սրտի, իշխանությունը պահելու ավելի հեշտ տարբերակ էր», – նշել է ՆԳ նախկին նախարարը: