Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում խորը լճացում էր տիրում, բայց այդ լճացումը իրենց գործունեությամբ կարողանում էին կենդանի պահել հենց երիտասարդները: Այս մասին այսօր կայացած ՀՀՇ երիտասարդական միության 12-րդ համաժողովում հնչեցրած իր ելույթում ասել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Մի կողմից ուրախ եմ, որ այսպիսի ակտիվ քաղաքականապես հասուն երիտասարդություն ունենք: Կար պահ, ասեմ անկեղծորեն, ՀՀՇ երիատասարդական թևն ավելի ակտիվ էր, քան մայր կուսակցությունը: Ասացի մի կողմից ուրախ եմ, բայց մյուս կողմից էլ՝ ցավ է պատճառում, որ մեր երիտասարդությունը, իր բուն խնդիրը թողած, ստիպված է զբաղվել քաղաքականությամբ», – հայտարարարել է ընդդիմության ղեկավարը:
Նրա խոսքով՝ բուն խնդիրը պիտի լիներ գիտելիքներ և մասնագիտացում ձեռք բերելու խնդիրը, որովհետև առանց հիմնավոր կրթության, առանց լուրջ մասնագիտական գիտելիքների հնարավոր չէ առավելագույնս օգտագործել սեփական կարողությունները և երկրին ու հայրենիքին, և հասարակությանը ծառայելու համար:
«Ափսոսում եմ, բայց ես ձեզ կմաղթեմ՝ որքան էլ զբաղվեք քաղաքականությամբ, չմոռանաք ձեր գլխավոր խնդիրը: Ձեր գլխավոր խնդիրն այսօր կրթված, զարգացած, ինտելեկտուալ մասնագետներ դառնալու խնդիրն է: Ես չեմ ների որևէ մեկիդ, եթե ձեր մասնագիտական պատրաստությունը զոհեք քաղաքական խնդիրներին. ավելի լավ է, ասում եմ, զբաղվել գիտությամբ, կրթությամբ… Այս պահն է, իմացեք, մինչև երեսուն տարի ինչ ձեռք բերեցիք, ձեռք բերեցիք, երեսուն տարուց հետո մարդը ոչինչ չի ավելացնում գիտելիքների առումով: Չկորցնեք այս պահը», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նշել է, որ մայր կուսակցությունը դիտում է ՀՀՇ երիտթևին ամենևին ոչ որպես կոմսոմոլ:
«Այսօր կոալիցիոն բոլոր կուսակցությունները ունեն իրենց կոմսոմոլը, ունեն իրենց պիոներները, հոկտեմբերիկները, իրենց ԿԳԲ-ն: Էդ դպրոցը մենք անցել ենք: Եվ երևի նախկին խորհրդային կամ սոցիալիստական ճամբարի ամենախայտառակ երևույթը հենց այդ կոմսոմոլի երևույթն էր, երբ պատրաստում էին կիսագրագետ, ֆանատիկ զոմբիներ, որոնք հետագայում պիտի դառնային սիստեմի հենարանը: Ի դեպ, եթե դուք նայեք Խորհրդային միության պատմությունը, ասենք, քսանական, երեսունական, քառասունական թվականներին` կուսակցության շարքերում կային, այո, ֆանատիկներ, բայց կային շատ զարգացած, լուրջ ինտելեկտուալ մարդիկ: Որովհետև նրանք դեռ ստացել էին ցարական կրթություն, այն ժամանակ մասնագիտություն էին ստացել: Կոմունիզմը վարակիչ գաղափար էր, շատերը վարակվել էին այդ գաղափարով, շատերը՝ անկեղծ: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, մեծագույն մասը` անկեղծ: Բայց, երբ որ եկան իշխանության, դա ստեղծեց պատեհություններ` նաև օգտվելով բարիքներից, ստեղծեց գայթակղություններ, սկսեցին թափանցել պատեհապաշտներ, գողեր, ավազակներ ամեն տեսակ», – ասել է ՀԱԿ առաջնորդը:
Նա նշել է, որ վաթսունական, յոթանասունական, ութսունական թվականների Խորհրդային միության կադրերը կիսագրագետ, գավառամիտ մի խաժամուժ էր: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ որոշ բացառություն էին կազմում կուսակցական այն կադրերը, որոնք գալիս էին արտադրությունից:
«Կոմունիստական կուսակցությունն ուներ սնուցման երկու աղբյուր` մեկը կոմսոմոլն էր` հիմնականը, մյուսը՝ արտադրությունը: Եվ արտադրությունից եկած կադրերը էականորեն տարբերվում էին կոմսոմոլից եկած կադրերից: Որովհետև բոլորը ունեին հիմք, ունեին մասնագիտություն, ունեին կազմակերպական կարողություններ… Ուրեմն դուք կոմսոմոլ չեք և չեք լինելու, և որպես կոմսոմոլ երբեք չեք օգտագործվելու: Ո՞վ եք դուք: Մեզ համար դուք երկու առաքելություն ունեք, առաջին` ապահովել կուսակցության գաղափարական ժառանգականությունը և երկրորդ` շնչել մեր թիկունքում, թույլ չտաք, որպեսզի մենք լճանանք», – հայտարարել է ՀՀ առաջին նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանը հարց է բարձրացրել, թե ինչու է հարկավոր մի այնպիսի ընդդիմություն, որը չի հաշտվում իրականության հետ, մի ընդդիմություն, որն այսօր ոչ միայն ՀՀՇ-ն է, այլ նաև 18 կուսակցությունների մի միություն:
«Շփոթ կա, թե ինչ բան է ընդդիմությունը: Թերթերում այդպես խելոք-խելոք կարող են վերլուծել, խոսել, թե ինչ բան է կառուցողական ընդդիմությունը, արմատական ընդդիմությունը, ծայրահեղ և այլն, և այլն: Շատ պարզ բան է ընդդիմությունը` դա սովորական ժողովրդավարական պետություններին հատուկ ինստիտուտ է, և ես կերազեի, որ մենք էլ լինենք սովորական ժողովրդավարական պետություն, որտեղ, այո, եթե չհասնեինք իշխանության, հանգիստ օրինական ճանապարհով, օրենքների շրջանակում իրականացնեինք մեր առաքելությունը: Իսկ ինչ է այդ առաքելությունը, նորից հսկողության մի մեխանիզմ է, որը թույլ չի տալիս իշխանություններին գնալ կամայականությունների: Բայց ես գտնում եմ, որ իսկապես կա արմատական ընդդիմություն և կա կառուցողական ընդդիմություն: Կառուցողական ընդդիմությունն այն ընդդիմությունն էր, որի մասին քիչ առաջ խոսեցի, այսինքն` օրինական ժողովրդավարական պետության մեջ այն ընդդիմությունը, որը բավարար ձայներ չի հավաքում իշխանություն կազմելու համար, բնականորեն դառնում է ընդդիմություն, և նրա գործունեությունն իսկապես կառուցողական է և խորհրդարանում, և, եթե մամուլն ու հեռուստատեսությունն ազատ են, բնական է, նաև մամուլում և հեռուստատեսությունում: Արմատական ե՞րբ է դառնում ընդդիմությունը. ստիպված դառնում է այն ժամանակ, երբ որ այդ իշխանությունը լեգիտիմ չէ: Հնարավոր չէ կառուցողական ընդդիմություն ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում: Որովհետև այդ դեպքում գլխավոր խնդիրը երկրի դառնում է ոչ լեգիտիմ իշխանությունը լեգիտիմի վերածելու խնդիրը, որին մենք լծվել ենք այս երեք տարի: Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետև չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին և այդպիսին լինելու ենք մինչև այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել: Մենք կաշխատենք այդ բեռը ձեր վրա չդնել, բեռի մեծագույն մասը` 99 %-ը, վերցնենք մեզ վրա», – եզրափակել է Լևոն Տեր-Պետրոսյանը: