Կիրակի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ռուսաստանցի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովը Բաքվից ժամանել են Աստանա, որտեղ դեկտեմբերի 1-2-ին տեղի է ունենալու ԵԱՀԿ գագաթաժողովը, որի շրջանակներում քննարկվելու է ղարաբաղյան հիմնախնդիրը:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն Բաքվի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ բանակցային գործընթացում միջնորդները կփորձեն արդյուքնի հասնել:
«Մենք մի քանի օր բանակցություններ ենք վարել Բաքվում և Երևանում: Հանդիպումների ընթացքում քննարկել ենք այն ձեռքբերումները, որոնց կարելի է հասնել Աստանայի գագաթաժողովի շրջանակներում: Կարծում ենք` բանակցությունները լավ են անցել»,- Բրադտկեի խոսքերն է մեջբերում Day.az-ը:
Նրա խոսքով` դեռևս վաղ է որևէ բան ասել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվելիք հանդիպման մասին «Որևէ անհրաժեշտություն չկա հանդիպում անցկացնել զուտ հանդիպման համար: Մենք ցանկանում ենք արդյունքներ տեսնել»,- ամփոփել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: