Home / Армения / ԱՄՆ-ն սպառնում էր պատժել Հայաստանին` զենք վաճառելու համար. գաղտնի փաստաթուղթ

ԱՄՆ-ն սպառնում էր պատժել Հայաստանին` զենք վաճառելու համար. գաղտնի փաստաթուղթ

Բրիտանական «Գարդիան» օրաթերթը ամբողջությամբ մեջբերել է Wikileaks-ի կողմից հրապարակված ամերիկյան գաղտնի փաստաթղթերից մեկը, որը վերաբերում է Հայաստանին:

Նամակը թվագրված է 2008թ. դեկտեմբերի 24-ով, այն Հայաստանի և Իրանի հարաբերությունների մասին է: Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղղված ուղերձում նշվում է, որ Հայաստանի իշխանություններին պետք է նամակ փոխանցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեի անունից: Նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը պետք է բանակցություններ վարի Հայաստանի կառավարության հետ:

«Գարդիանի»-ի կողմից տպագրված գաղտնի փաստաթղթում մեջբերվում է Հայաստանի նախագահին ուղղված նամակի տեքստը.

«Հարգելի պարոն նախագահ,

Մենք գնահատում ենք Ձեր երկրի հետ լավ հարաբերությունները, քանի որ Ձեր կառավարության հետ կիսում ենք մի շարք հետարքրություններ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Միևնույն ժամանակ, մեզ չափազանց մտահոգում է զենքի վերաարտահանման հարցը, որը շատ լուրջ է:

ԱՄՆ պետքարտուղար Ռայսը, պետքարտուղարի օգնական Ֆրիդը, պետքարտուղարի տեղակալի օգնական Բրայզան և դեսպան Յովանովիչը Ձեզ փոխանցել են մեր խորը մտահոգությունը` կապված Հայաստանի կողմից Իրանին տրամադրվող զինամթերքի հետ, որի հետևանքով Իրաքում ամերիկացի զինվոր էր վիրավորվել: Չնայած մեր երկրների միջև սերտ հարաբերություններին, ԱՄՆ ղեկավարությունը, ինչպես նաև Կոնգրեսը չեն կարող աչքաթող անել այդ փաստը:

Օրենքով, Իրանին զենքի տրամադրումը ստիպում է մեզ մտածել` արդյոք ԱՄՆ-ն հիմքեր ունի պատժամիջոցներ կիրառելու համար: Եթե պատժամիջոցներ կիրառվեն, դա կնշանակի, որ ԱՄՆ-ն կդադարի օգնություն ցուցաբերել, ինչպես նաև որոշակի սահմանափակումներ կմտցնի` արտահանման հետ կապված:

Նման պատժամիջոցներից խուսափելու համար կարևոր է, որ Դուք համոզիչ կերպով ապացուցեք, որ Ձեր կառավարությունը համագործակցում է մեզ հետ, և երաշխավորեք, որ նման բան հետագայում տեղի չի ունենա:       

Որպեսզի համոզեք ԱՄՆ-ին, որ նման բան այլևս չի կրկնվի, մենք պահանջում ենք, որ Հայաստանը գրավոր համաձայնագիր ներկայացնի, որում կնշի իր պատրաստակամությունը միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանը Իրանին կամ ահաբեկչության հետ կապված այլ երկրներին զենք փոխանցելու համար աղբյուր չդառնա:

Այս միջոցների թվում են.
 – Բարեփոխել Հայաստանի արտահանումը վերահսկող հանձաժողովը, որպեսզի այնտեղ աշխատեն միայն հաստիքային աշխատողներ, ովքեր միմիայն զբաղվում են արտահանման վերահսկմամբ;
– Հայաստանի բոլոր սահմանային կետերում հայաստանցի աշխատակիցների խմբեր ստեղծել, որոնք կզբաղվեն կրկնակի օգտագործման ենթակա ապրանքների և այլ մաքսանենգ ապրանքների բացահայտմամբ;
– Ընդունել նախապես չհայտարարված ԱՄՆ փորձագետների այցերը, որոնք կգնահատեն այդ խմբերի աշխատանքը;

– Համապատասխանեցնել Հայաստանի արտահանումը վերահսկող ծառայության օրենսդրությունը ԵՄ չափանիշներին;

– Լրացնել և հրապարակայնացնել Հայաստանյան արտահանման վերահսկողության ցանկը, որը կներառի Վասենաարի համաձայնագիրը, Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը և այլ միջազգային ռեժիմներ;

– Ապահովել, որպեսզի Հայաստանում գործող բրոկերները չհեշտացնեն զենքի փոխանցման հետ կապված գործընթացները;

– Խորհրդակցել ԱՄՆ-ի հետ զենքի այն փոխանցումների դեպքում, որոնք իրականացվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմում չընդգրկված երկրներ, կամ Վասենաարի համաձայնագրի մասնակից երկրներ:

Մենք պատրաստ ենք նոր տարում որքան հնարավոր է արագ թիմ ուղարկել` այս առաջարկը քննարկելու համար: Հույս ունեմ, որ մենք կարող ենք աշխատել միասին` դրական արդյունքներ ստանալու համար, ինչը հնարավորություն կտա ձեր կառավարությանը ուժեղացնել Հայաստանի արտահանման վերահսկողությունը, իսկ մեր կառավարությանը` օգնել ձեզ դրանում:

Հարգանքով,
Ջոն Նեգրոպոնտե»:

Փաստաթղթում տրվում է նաև գործի նախապատմությունը: Նշվում է, որ «2003 թվականին Հայաստանը հեշտացրել է Իրանի կողմից հրթիռների և ավտոմատների ձեռքբերման գործընթացը: 2007 թվականին այդ զինատեսակներից մի քանիսը հայտնաբերվել են Իրաքում երկու շիա զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով ամերիկացի զինծառայող է սպանվել, իսկ ևս վեցը վիրավորվել են:

«ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում քննարկել է մեր մտահոգությունները նախագահ Սարգսյանի հետ, բայց նա հերքել է, որ զենքի փոխանցում է տեղի ունեցել: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի դերը և այդ զինատեսակների կապը ԱՄՆ զորքերի վրա հարձակումների հետ այս դեպքը բացառիկ և չափազանց անհանգստացնող են դարձնում: Նման փոխանցումները կարող են ԱՄՆ իրավական իշխանությունների կողմից պատժամիջոցների հիմք հանդիսանալ: Մենք Հայաստանին առաջարկում ենք քայլերի շարք ձեռնարկել, որոնք կկանխեն զենքի փոխանցման նման դեպքերը հետագայում: Մենք ցանկանում ենք պատժամիջոցների վտանգն օգտագործել որպես միջոց Հայաստանի պատասխանատվությունը գեներացնելու համար, որպեսզի մենք ստիպված չլինենք կիրառել պատժամիջոցները», – ասված է գաղթնի փաստաթղթում:

ԱՄՆ իշխանությունները նաև նշում են, որ իրենց նպատակն է կանխել Հայաստանի` Իրան մատակարարվելիք զենքի աղբյուր դառնալը, սակայն այս գործընթացը չի անդրադառնա Լեռնային Ղարաղաբի խնդրի կարգավորման վրա:

«Երևանի դեսպանատունը պետք է ցույց տա լրջության այն աստիճանը, որով Միացյալ Նահանգները վերաբերում են այս խնդրին, և նշի, որ զենքի փոխանցումը Իրան և, հետագայում Իրաք, որի արդյունքում զոհվել է ամերիկացի զինծառայող, չի կարող անտեսվել Միացյալ Նահանգների կողմից»,- նշված է փաստաթղթում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղղված նամակում նաև նշվում է, որ տվյալ դեպքի հետ կապված լրացուցիչ հարցերի համար պետք է դիմել Մեթ Հարդիմանին և Մարգարեթ Միտչելին: