Դեկտեմբերի 1-2 Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, որտեղ քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ամենայն հավանականությամբ, ճնշումը Երևանի վրա կշարունակվի, կստիպեն առաջինը փոխզիջումների գնալ և վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները:
1news.az–ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Ռուսաստանի Գլոբալիզացիայի և հասարակական շարժումների ինստիտուտի միջազգային քաղաքագիտության վերլուծության Կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը:
Միաժամանակ նա նշել է, որ Աստանայում հարցի արմատական լուծում ակնկալելն անիմաստ է:
Իսկ Երևանի կողմից ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչումը գործնականում Ադրբեջանին ոչինչ չի տալիս, հայտատարել է Նեյժմակովը: Ըստ նրա` նոր պետությունների անկախության միջազգային ճանաչումը միշտ էլ հնարավոր է եղել միայն այն դեպքում, երբ այդ անկախությունը հաստատել է այն երկիրը, որի ազդեցության տակ եղել է նախկինում: Բացառություն է եղել միայն Կոսովոյի նախադեպը:
«Հիշենք Թայվանի փորձը, որը ներկայումս կարողացել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ընդամենը 23 երկրների հետ: Հիմնականում ոչ խոշոր և ոչ ազդեցիկ այնպիսի պետությունների, ինչպիսիք են` Բելիզը, Բուրկինա-Ֆասոն, Մարշալովյան կղզիները, Նաուրուն, Սան-Տոմեն ու Պրինսիպին, Սվազիլենդը, Տուվալուն, այն էլ` շնորհիվ այդ երկրների կողմից հատկացված ֆինանսական օգնության: Որպեսզի Ռուսաստանն էլ հասներ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության գոնե որոշակի ճանաչման, ստիպված էր գնալ «Թայվանի ճանապարհով»: Հետևաբար, եթե Հայաստանը չստանա Ադրբեջանի համաձայնությունը Ղարաբաղի ինքնորոշման հարցում, Հայաստանը չի կարողանա ԼՂՀ-ի համար այնպիսի աջակցություն ստանալ, ինչպիսին Կոսովոն, և հազիվ թե այնքան հնարավորություններ ունի, որ կարողանա գնել միջազգային աջակցությունը, ինչպես արեց Թայվանը»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով` ԼՂՀ-ի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից միայն հնարավորություն կտա միջամտելու հակամարտությանը` Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում: