ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը չէ, որ պետք է մեկնաբանի Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը, մասնավորապես, Հայաստանի կողմից Իրանին զենք փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ-ի` սպառնալիքներ պարունակող նամակը ՀՀ նախագահին:
Նշենք, որ Wikileaks-ի կողմից հրապարակած 2008թ. դեկտեմբերի 24-ով թվագրված նամակում, որը Պետդեպն ուղղել էր Հայատսանի նախագահին, նշվում է, որ «2003 թվականին Հայաստանը հեշտացրել է Իրանի կողմից հրթիռների և ավտոմատների ձեռքբերման գործընթացը: 2007 թվականին այդ զինատեսակներից մի քանիսը հայտնաբերվել են Իրաքում երկու շիա զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով ամերիկացի զինծառայող է սպանվել, իսկ ևս վեցը վիրավորվել են»: Փաստաթղթում նաև գրված է, որ «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի դերը և այդ զինատեսակների կապն ԱՄՆ զորքերի վրա հարձակումների հետ այս դեպքը բացառիկ և չափազանց անհանգստացնող են դարձնում»: Հիշեցնենք, որ 2003թ. Հայաստանի նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը:
Մեջբերելով հիշյալ նամակում նշված հանձնարարկանը` բարեփոխել Հայաստանի արտահանումը վերահսկող հանձաժողովը, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ սա ևս մեկ կետ է, որը ցույց է տալիս, որ զենքի վաճառք պետական մակարդակով չի եղել:
«Կարծում եմ, որ այդ նամակում չկա որևէ մեղադրանք` ուղղված Ռոբերտ Քոչարյանին, այնտեղ չկա որևէ հիշատակում, որը որևէ կերպ ուղղված լինի նրան»,- Epress.am-ի զրույցում ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշել է նաև, որ համաձայն նամակի պարունակության` չի բացառվում նաև այն, որ զենքի վաճառքի հետ կապված այդ դեպքը կարող է տեղի ունեցած լինել մաքսանենգ ճանապարհով:
«Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ես եմ այն մարդը, որ պետք է մեկնաբանություն տա այդ թեմայով, քանի որ նշված նամակը նախ թվագրված է 2008թ. դեկտեմբերի 24-ով` այսինքն` արդեն իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, երկրոդ` նամակում չկա որևէ մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի հասցեին»,- ասել է մեր զրուցակիցը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հրաժարվել է մեկնաբանել Wikileaks-ի կողմից հրապարակված փաստաթուղթը: