ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:
Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ռուսական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, երկու երկրների միջև հաջողությամբ շարունակվում է քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի հավաստմամբ` այդ հարաբերություններին նոր խթան հաղորդեց ս.թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր:
«Ես անչափ կարևորում եմ նախագահների աշխատակազմերի միջև համագործակցությունը և այն գործառույթները, որ նրանք իրականացնում են:
Հույս ունեմ, որ աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջև անմիջական կապերը հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն վերահսկել նախագահների հանձնարարությունները և բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ չնայած հետճգնաժամային խնդիրներին, որոնք կան և Ռուսաստանում, և Հայաստանում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում աճել է 12 տոկոսով:
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև համագործակցությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
«Հավատացեք, Ռուսաստանը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը: Համաձայն եմ, որ տարբեր ուղղություններով մեր երկու երկրների միջև փոխգործակցությանն ուղղված հանձնարարականների հստակ վերահսկումը կրկնակի արդյունք կունենա, առավել ևս, որ Դուք Ռուսաստանի նախագահի հետ նախանշել եք շատ լայն, բոլոր ուղղություններն ընդգրկող` և´ տնտեսական, և´ հումանիտար, և´ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցություն: Այդ հանձնարարականները պետք է կատարել»,- ասել է Սերգեյ Նարիշկինը` վստահեցնելով, որ իր ղեկավարած աշխատակազմը հստակ կվերահսկի այդ աշխատանքները և կաջակցի հանձնարարականների կատարմանը:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: