Home / Армения / Սարգսյանն ավելի ճկուն է, քան Քոչարյանը. ամերիկացի պատմաբան

Սարգսյանն ավելի ճկուն է, քան Քոչարյանը. ամերիկացի պատմաբան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի մեծ հավանականությամբ փոխզիջման կգնա Ղարաբաղի հարցում, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա որոշակի ճկունություն է ցուցաբերել` ստորագրելով հայ-թուրքական բարելավմանն ուղված Արձանագրությունները: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Ավգուստայի պետական համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Մայքլ Բիշքուն:

Նա բացառել է Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը, քանի որ «Ադրբեջանին անհրաժեշտ է կայունություն տարածաշրջանում` իր էներգառեսուրսները արտասահմանյան շուկա արտահանելու համար, իսկ Հայաստանը նման պատերզամից ոչինչ չի ստանա, հակառակը` կարող է շատ բան կորցնել, քանի որ վերջինիս տնտեսությունը նույնքան ամուր չէ, որքան հարևաններինը»:
 
Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակի պահպանմանը, ապա, Բիշքուի խոսքով, որքան երկար Ղարաբաղում նախկինում բնակվող ադրբեջանցիները մնան այդ տարածքից դուրս, այնքան դժվար կլինի իրականացնել նրանց վերադարձը.

«Միևնույն ժամանակ, հայերը, որոնք բնակվել են այնտեղ հակամարտությունից առաջ կամ որոնք բնակություն են հաստատել դրանից հետո, էլ ավելի կամրապնդվեն այդ տարածքներում»: 

Պատմաբանի խոսքով` եթե Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեն, իսկ Վրաստանն ու Ռուսաստանը կոմպրոմիսի գան Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում, ապա Վրաստանն ու Ադրբեջանն այլևս ՆԱՏՕ-ին անդամագրվելու անհրաժեշտություն չեն ունենա: Հայաստանն էլ, իր հերթին, կարիք չի ունենա մնալ ՀԱՊԿ-ի կազմում:

Լուսանկարը` blansh.wordpress.com-ի