Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարատության կարգավորման բանակցությունների շրջանակում Իլհամ Ալիևին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի կոնկրետ օր որոշել: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի 2010 թվականի փետրվարի 25-ի գաղտնի փաստաթղթում, որը հրապարակել է WikiLeaks-ը:
Փաստաթղթում զետեղված են մանրամասներ ԱՄՆ Պետքարտուղարի Քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսի և Իլհամ Ալիևի հանդիպումից, որը կայացել է այս տարվա փետրվարին Բաքվում:
Հանդիպման սկզբում Բըրնսը ցավակցել է Ալիևին փետրվարի 18-ին շփման գծում երեք անդրբեջանցի զինծառայողի զոհվելու կապակցությամբ: Համաձայն փաստաթղթի` Իլհամ Ալիևը նշել է, որ նման միջադեպերը կարող են կրկնվել, իսկ Բըրնսը պատասխանել է, որ նման միջադեպերը ստիպում են ավելի արագ փնտրել ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհները:
Իլհամ Ալիևը Բիլ Բըրնսին մի քանի ճանապարհ է առաջարկել ստիպելու, որպեսզի Հայաստանն ավելի արագ շարունակի բանակցությունները: Մասնավորապես, նա նշել է, որ միջնորդ հանդիսացող երեք պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերը բարձր մակարդակի վրա, պետք է հստակ ձևակերպեն, որ ԼՂՀ անկախությունը քննարկման ենթակա չէ, և եթե այս նոր առաջարկները չընդունվեն, ապա հետևանքը Հայաստանի միջազգային մեկուսացումը կլինի, հատկապես Ռուսաստանի կողմից, որը կկրճատի Հայաստանին տրամադրող տնտեսական օգնության մի մասը:
Ալիևը նշել է, որ Սոչիում նախագահ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ԼՂՀ վերջնական կարգավիճակը որոշելու համար հանրաքվեի կոնկրետ ժամկետ նշանակել: Ալիևը նշել է, որ դա խախտում է հնարավոր համաձայնագրի ձևաչափը, որտեղ նշված է հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն առանց կոնկրետ ժամկետի:
Ալիևն ասել է, որ Հայաստանը շատ խոցելի է մեկուսացման տեսանկյունից, քանի որ այն կախված է Սփյուռքից, ինչպես նաև «գազի և էլեկտրաէներգիայի ներմուծման առկայությունից»:
«18 տարվա բանակցությունների ընթացքում մենք փորձել ենք բոլոր տարբերակները: Երբ այս փուլը (Մինսկի խմբի բանակցությունները) ավարտվեն, հետո ի՞նչ է լինելու», – Ալիևի հարցը Բըրնսին մեջբերվում է գաղտնի փաստաթղթում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ դեր ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում` Ալիևը համոզմունք է հայտնել, որ Մեդվեդևի ջանքերն անկեղծ են: Նրա խոսքով` Մեդվեդևը 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, ուստի առաջընթացի ճանապարհին ցանկացած ձախողումը կմթագնի Մեդվեդևի` հուսալի գործընկեր լինելու փաստը: Ալիևի խոսքով` Սոչիում Մեդվեդևը փորձ է արել համոզել Սարգսյանին հասնել բեկման: Ալիևը զարմանք է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ Մոսկվայի ճնշումներից և Սերգեյ Լավրովի` Երևան կատարած այցից հետո, հայաստանցիները ոչ միայն մերժել են առաջընթացը, այլ նաև հետ քայլ են արել արդեն իսկ համաձայնեցված կետերից:
Ալիևը նաև ասել է, որ ինքը հավատում է, որ վարչապետ Պուտինն իր անձնական կարծիքն ունի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ցանկալի լուծման հարցում: «Ես ապացույց չունեմ, բայց զգում եմ, որ այդպես է»,- նշել է Ալիևը:
Խոսելով Մեդվեդևի մասին` Իլհամ Ալիևը նշել է, որ Ռուսաստանի նախագահը «ժամանակակից, նոր սերնդի ինտելեկտուալ է», ով, սակայն, շրջապատված է մարդկանցով, որոնց ինքը չի վերահսկում:
«Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ընդունում նրան որպես առաջնորդ», – Բըրնսի հետ զրույցում ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Պուտինի և Մեդվեդևի հարաբերություններին` նշելով. «Ինչպես ասում են ադրբեջանցիները, երկու գլուխ մի կաթսայում չես եփի»: Ալիևը ավելացրել է, որ երկու առաջնորդների թիմերի միջև հակամարտության նախանշաններ են երևում: