Epress.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով WikiLeaks կայքի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը, «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ասել է, որ դրանք «դեղին քարտեր» էին պարունակում Հայաստանի և Ադրբեջանի համար:
«Սա նման է խաղաքարտերը խառնելուն և նորից բաժանելուն: Ինչպես նաև այս հրապարակումները իրենց մեջ մեսիջներ են պարունակում սկանդալին առնչվող բոլոր պետությունների համար, որպեսզի այսուհետ այդ երկրների իշխանությունները վերանայեն իրենց վարած քաղաքականությունը»,- մեկնաբանել է Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով` հրապարակված գաղտնի փաստաթղթերը, մասնավորապես, Հայաստնին և Ադրբեջանին ուղղված լուրջ «մեսիջ» են` առաջիկայում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ, որով «կոչ է արվում կողմերին չհամառել և համաձայնել այն ամենին, ինչ առաջարկվում է մեծ պետությունների կողմից»:
Ըստ Սաֆարյանի` այս արտահոսքը էապես կփոխի բազմաթիվ պետությունների միջև հարաբերությունները, շատերի համար` բացասականորեն:
«Այդ փաստաթղթերում տեղ գտած տարբեր պետությունների ղեկավարների հասցեին ասված անպարկեշտ արտահայտությունները, կարծում եմ, լուրջ խնդիրներ են առաջացնելու այդ պետությունների միջև հարաբերություններում»,- հավելել է Ստեփան Սաֆարյանը: