Միացյալ Նահանգները դատապարտում են գաղտնի փաստաթղթերի անօրինական բացահայտումը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` անդրադառնալով WikiLeaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերին:
«Այս քայլը կասկածի տակ է դնում քաղաքացիների կյանքի ապահովությունը, սպառնում է մեր ազգային անվտանգությանը, և նվազեցնում է այլ երկրներում հակամարտությունների լուծման համար գործադրած մեր ջանքերի կարևորությունը: Մեր Կառավարությունը ամուր հիմքերի վրա դրված արտաքին քաղաքականություն է վարում` Ամերիկայի ազգային շահերը պաշտպանելու և միաժամանակ լուծումներ գտնելու աշխարհում ծավալվող բոլոր հրատապ խնդիրների շուրջ` սկսած համաշխարհային տնտեսության ամրապնդումից, վերջացրած միջազգային ահաբեկչության ճնշումով, զենքերի տարածման կանխարգելումով և մարդկային իրավունքների պաշտպանությամբ ու համընդհանուր արժեքների տարածմամբ», – նշել է Քլինթոնը:
Նրա կարծիքով` փաստաթղթերի գաղտնազերծումը հարձակում է ոչ միայն ամերիկյան արտաքին քաղաքականության, այլ նաև հարձակում միջազգային հանրության անվտանգության վրա:
«Համագործակցություններն ու պարտավորությունները, բանակցություններն ու հանդիպումները, որոնք ուղղված են միջազգային անվտանգությանն ու տնտեսության բարգավաճմանը նույնպես վտանգված են: Ես չեմ հերքի և ոչ ել կհաստատեմ այդ գաղտնազերծված փաստաթղթերում տեղ գտած տեղեկատվությունը: Բայց կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները խորապես ցավում են այն գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար, որտեղ տեղ էին գտել մասնավոր բանակցություններ, քաղագետների վերլուծություններ, որոնք հանրությւան համար չէին: Ես ցանկանում եմ պարզաբանել, որ մեր արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում Վաշինգտոնով, ինչպես ասվում է գաղտնի փաստաթղթերում: Մեր քաղաքականությունը միշտ հանրության աչքի առաջ է եղել` արտացոլելով մեր դիրքորոշումները և գործողությունները ամբողջ աշխարհում», – ասել է ԱՄՆ Պետքարտուղարը:
Հիլարի Քլինթոնը նաև նշել է, որ ԱՄՆ կարող է դիտարկել փաստաթղթերի հրապարակողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: