«Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը բաց նամակ է հղել ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին` վերջինիս կոչ անելով հետևողականություն ցուցաբերել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանության հարցում:
«Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի էր ունենում ԶԼՄ-ների ազատության հարցերով Հարավկովկասյան 7-րդ կոնֆերանսը, ես առիթ ունեցա ունկնդրել հարավկովկասյան երկրների նախագահներին ուղղված Ձեր կոչը, որը լավագույնս արտահայտում էր ԶԼՄ-ների ազատության հարցերում ունեցած Ձեր սկզբունքային դիրքորոշումը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց այդ օրերին, երբ Թբիլիսիում ընթանում էր վերոհիշյալ կոնֆերանսը, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ենթարկվում էր բռնությունների», – ասված է Կարինե Հարությունյանի բաց նամակում:
Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարվածը հասարակական մեծ հնչեղություն ունի:
«Մենք խորը մտահոգություններ ունենք լրագրողի ճակատագրով և հավաստիացնում եմ Ձեզ, որ անհանգստացած է ազատ մտածող և ազատ գործող ցանկացած քաղաքացի՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հազարավոր ներկայացուցիչներ: Մենք ակնկալում ենք, որ բանտարկված լրագրողի իրավունքների պաշտպանության հարցում Դուք մեկ անգամ ևս հանդես կգաք նույն վճռականությամբ և հետևողականությամբ», – հայտարարել է Հարությունյանը: