Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են, որ եկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված առավել վճռական որոշումների ընդունման ժամանակը: Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Աստանայում ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Այս համատեքստում նրանք վկայակոչել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում և 2010 թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված համաձայանգրերը: Նրանք հայտարարել են, որ հետագա խաղաղ բանակցային գործընթացները կհանգեցնեն կայունության և անվտանգությոան և որ դա միակ ճանապարհն է տարածաշրջանում ժողովրդի հարաբերությունների վերականգման համար:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց` Լեռնային Ղարաբաղի հարցում վերջնական որոշման գալու պատրաստակամությունը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի որոշումների, Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի, Օբամայի 2009թ. հուլիսի 10-ին Լ’Ակվիլայում և 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունված որոշումների ու համաձայնագրերի վրա:
ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրները կրկին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` խաղաղության հասնելու համար անհրաժեշտ որոշումների ընդունման հարցում:
Նրանք կոչ են արել նախագահներին ակտիվացնել իրենց ջանքերը դեռևս առկա հիմնական խնդիրների շուրջ բանակցելիս և հանձնարարել են իրենց ներկայացուցիչներին շարունակել աշխատել երկու կողմերի հետ հակամարտության կարգավորման համար: Բանակցությունների համար առավել բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար նրանք կոչ են արել հավելյալ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ուժեղացման և բոլոր բնագավառներում վստահության հաստատման համար: