«Երևան ջուր» ընկերության առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը երբևէ չի լսել աղեստամոքսային համակարգի խանգարումներով հիվանդանոցում հայտված մարդկանց մասին:
Այսօր ասուլիսի ընթացքում նա տեղեկացրել է, որ առաջին անգամ է լսում, թե խնդիրներ են առաջանում ընկերության կողմից մատակարարված ջրի պատճառով:
«Երբ որ ջրից է լինում, դա կրում է մասայական բնույթ: Իսկ եթե էդ շենքում մեկը աղեստամոքսային խնդիր ունի ու ասում է` ջրից է, ուրեմն ջրից չէ», – պարզաբանել է Մարգարյանը:
Հարցին` փոխվում են արդյոք քաղաքի ջրատար խողովակները, «Երևան ջուր» ՓԲԸ-ի առևտրային տնօրենը պատասխանել է, որ ցանցը կազմում է 2120 կիլոմետր:
«17 կիլոմետր մենք այս 4 տարիների ընթացքում փոխել ենք»:
Պայմանագիրն, ըստ որի աշխատում է ընկերությունը, չի նախատեսում ցանցի ընդլայնում և կապիտակ վերակառուցում:
«Շահագործում ենք էն, ինչ ունենք», – ասել է Մարգարյանը:
«Մեր սակագնի մեջ չի մտնում ցանցի ընդլայնումը, ցանցի գլոբալ վերակառուցումը: Մենք ընդամենը շարունակականությունն ավելացնելու համար որոշակի վթարներ ենք վերացնում”:
Ընկերությունն, ըստ Մարգարյանի, չի կարող փոխել ամբողջ ցանցը.
«Ցանցը 70 տարվա ցանց է, դա պետք է աստիճանաբար փոխվի, փոխվի, փոխվի, որ մենք քսան, հիսուն տարի հետո ունենանք արդեն փոխված ցանց»: