Ջրի մատակարարման և հեռացման խնդիրներով զբաղվող 1-85 ծառայությունից բողոքողների թիվն աճում է: Քաղաքացիներին հեռախոսով կոպտում են, եթե, իհարկե, նրանց զանգերին պատասխանող է լինում:
Այս խնդիրներ էին լրագրողները բարձրացրել «Երևան ջուր» ընկերության առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանի այսօր կայացած ասուլիսի ընթացքում:
Վերջինիս խոսքով` ծառայության հետ կապված բողոքները տարբեր են և ինքը դրանց ծանոթ է:
«Երբ մեծ վթար է լինում, զանգերի հոսքն ահավոր մեծանում է: Քանի որ օպերատորների քանակը սահմանափակ է, երբ վթար կա, չեն կարող միանալ», – ասել է Մարգարյանը:
Սակայն, ըստ նրա, գործում են նաև պատասխանիչներ և զանգողները կարող են թողնել իրենց հաղորդագրությունները:
«Դրանից հետո մենք զանգհարում ենք, նրանք պատասխանում են: Կամ լինում է, որ հաղորդագրությունը թողնելով, նա չի կարողանում նշել կոնկրետ ինչի մասին է խոսքը, նորից զանգահարում և ճշտում ենք, ինչի մասին է խոսքը, հստակեցնում ենք, որպեսզի մենք դրանով զբաղվենք», – պատմել է «Երևան ջուր» ընկերության առևտրային տնօրենը:
Նշենք, որ ասուլիսին ներկաները հետզանգի օրինակների հետ չէին հանդիպել:
Մարգարյանը նշել է, որ գոհ է տվյալ ծառայությունից, սակայն ավելացրել է.
«Եթե այդ ծառայությունից, ասում եք, դժգոհություններ շատ կան, բնականաբար, չեմ կարող ես էլ գոհ լինել»:
Այնուամենայնիվ, Գագիկ Մարգարյանը կասկածի տակ է դրել լրագրողների այն պնդումը, որ ծառայության աշխատակիցները ոչ պատշաճ կերպով են պատասխանում զանգերին:
«Ազիզ ջան» դիմելաձևի և երկու օր շարունակ ծառայությանը չմիանալու մասին լրագրողների օրինակները լսելուց հետո, Մարգարյանն ասել է, որ «որակը բարձրացնելու ուղղությամբ աշխատանք է տարվում, որի մասին այս ամսվա մեջ դուք կլսեք»: