Home / Армения / Սարգսյան-Ալիև հանդիպումը չկայացավ. համանախագահները «տարակուսանքի մեջ են»

Սարգսյան-Ալիև հանդիպումը չկայացավ. համանախագահները «տարակուսանքի մեջ են»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը վերջին պահին «հրաժարվել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրություն գտնել Աստանայում հրապարակված հնգակողմ հայտարարության և գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթի մեջ ներառված տեսակետների տարբերության համար»: Աս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:

Աստանայում, որտեղ մեկնարկել էր ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, չորեքշաբթի օրը հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որի տակ ստորագրել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Միևնույն ժամանակ, այսօր Աստանայի գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է պատերազմական հանցագործությունների և ցեղասպանությունների մեջ և պնդել է, որ Հայաստանը «զորավարժություններ անցկացնելով օկուպացված տարածքներում, փոխելով քաղաքների և գյուղերի անվանումները և անօրինական կերպով բնակեցնելով օկուպացված տարածքները, փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»:

Ըստ նույն աղբյուրների` համանախագահները, որոնք ցանկանում էին կազմակերպել նախագահների հանդիպումը` «տարակուսանքի մեջ են հայտնվել»: