Օրաթերթը ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ հարցազրույց է ներկայացրել, որում անդրադարձ է կատարվել հայկական բանակում գրանցված աղմկահարույց դեպքերին:
– Պարոն Գասպարյան, եկեք սկսենք բանակում վերջին ամենաաղմկահարույց միջադեպից, երբ ԼՂՀ-ի պաշտպանական դիրքերում սպանվել է 4 զինծառայող և նույնքան մարդ է վիրավորվել:
– Գործը ամբողջությամբ բացահայտված է: Զինծառայող Մանվել Հազրոյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդ որում` փորձում է «հերոսանալ» և չի զղջում իր կատարած ոճրագործության համար: Վիրավոր զինվորներից երկուսը, իրարից անկախ, իրենց ցուցմունքներում հաստատել են նախաքննության վարկածը: Երրորդ վիրավորը նույնպես, Աստծո օգնությամբ, մոտ օրերս կսկսի խոսել: Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Հազրոյանը, պատասխանատվությունից խուսափելու համար, կատարվածը ներկայացնում էր իբրև հակառակորդի դիվերսիոն գործողություն, բայց իմանալով, որ երեք զինծառայող ողջ են մնացել, փոխեց իր ցուցմունքը` մոտենալով ճշմարտությանը:
– Լրագրողները և իրավապաշտպանները բողոքում են, որ բանակում կատարված դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվությունը հաղորդվում է ուշացումով, ինչը կասկածների տեղիք է տալիս:
– Ձեր այդ կասկածները բացարձակապես անհիմն են: Պաշտոնապես հայտարարում եմ. բանակում ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնալու: Եկեք փորձենք իրար հասկանալ` դա է ամենակարևորը… Կրկնում եմ և խնդրում եմ դա գրել մեծ տառերով. ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԿՈԾԿՎԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ`անկախ նրանից, թե ով է այդ հանցագործությունը կատարել:
– Մեր գործընկերուհու եղբոր`Արտակ Նազարյանի դեպքի մասին: Հարազատները չեն հավատում որ նա ինքնասպանություն է գործել:
– Չեմ ուզում այդ դեպքի վերաբերյալ երկար ծավալվել` նոր կրքեր չբորբոքելու համար: Կարող եմ ասել միայն, որ Արտակը կիրթ, դաստիարկված սպա էր:Կարող եմ վստահեցնել նաև, որ գործը քննողներին հրահանգ է տրված որևէ վարկածի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չդրսևորել: Եվ վերջապես, ինչպես այդ դեպքում, այնպես էլ ցանկացած պարագայում բոլորը պետք է հաստատ իմանան. եթե արյուն է թափվել, ոչ մեկ չի կարողանա այդ արյունը մարսել: