Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովը ոչ մի նոր բան չի բերել, բայց, անկասկած, այն ներդրում էր` եթե ոչ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցում, ապա խնդրի խաղաղ կագավորման ճանապարհին:
Կարծում եմ` ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված համաձայնագրի հիմնական «մեսիջը» հենց սա էր: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի վերլուծաբան, համակարգող Շուշան Խաթլամաջյանը:
Նրա կարծիքով` գագաթաժողովին Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի ելույթների համեմատությունը մտածելու տեղիք է տալիս, քանի որ նրանք հակադրվում են խաղաղարարության և համագործակցության պատրաստակամության համատեքստում:
«Ալիևը քիչ է խոսում կարգավորման հեռանկարների մասին և իր ողջ պերճախոսությունն ուղղում է հայկական կողմի մերկացմանը` մատնանշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների անարդյունավետությունը: Սարգսյանի ելույթն առանձնանում է հանգիստ ձայներանգով և հիմնախնդրի նկատմամբ կառուցողական մոտեցմամբ, ինչպես նաև խնդրի խաղաղ և ընդհանուր կարգավորմանը հասնելու հետևողական վճռականությամբ: Այնինչ, նա զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն այլ տարբերակ չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և ներդնել բոլոր ուժերը` դրա անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է վերլուծաբանը:
Խաթլամաջյանն ասել է նաև, որ գագաթաժողովին ղարաբաղյան հարցի քննարկման ժամանակ Թուրքիան ստվերում չէր: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կրկին հաստատել է, որ Անկարան Երևանի հետ մերձեցման քայլերի չի գնա մինչև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:
«Այսպիսով` թուրքական կառավարությունը հաստատում է, որ վերջին երկու տարիներին նա ուղղակի ձևացնում էր, թե գործում է հայ-թուրքական լարվածության մեղմացման օգտին»,- ամփոփել է վերլուծաբանը: