Պաշտոնական Անկարայի և Մոսկվայի միջև կապերի սերտացումը առաջընթացի է հանգեցրել տասնամյակներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Աստանայում Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
Ռուսաստանի հետ մեկտեղ` Թուրքիան առաջատար դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերում, ասել է նա:
Գյուլը հայտնել է, որ Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է այդ հարցը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Թեև այս պահին ճեղքում չկա, այնուհանդերձ, տեղի են ունենում որոշ դրական քայլեր», – ասել է Գյուլը` հավելելով. «Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն»:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Կովկասում փաստացի իրավիճակը չի բխում մեզանից ոչ մեկի շահերից: Բոլորը պետք է ունենան հեռանկար, իրենց տեղը մեծ կտավում», – հայտարարել է Թուրքիայի նախագահը: