Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին 2009թ. մարտին ամերիկյան դիվանագիտական կորպուսի իր ղեկավարներին հղած նամակում ներկայացրել է իր և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիրի միջև տեղի ունեցած զրույցի մանրամասները: WikiLeaks-ի կողմից հրապարակած փաստաթղթում` թվագրված 2009 թվականի մարտի 19-ով, այն ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Դերսին փոխանցում է, որ Աբիևն իրեն պատմել է Ռուսաստան կատարած այցի մասին:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ զրույցում ինքը խոսել է Ռուսաստանի կողմից 2008թ. Հայաստանին զենք փոխանցելու մասին:
«Աբիևն ասել է, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ ռուսաստանցի իր գործընկերը կտրականապես հերքել է այդ փաստը: Այնուամենայնիվ, այդ երեկոյան «օղու երկրորդ շշից հետո», Սերդյուկովը բացվել է և խոստովանել է, որ Ռուսաստանը զենք է փոխանցել Հայաստանին: Աբիևը մեջբերել է Սերդյուկովի բառերը. «Դու հետևո՞ւմ ես քո նախագահի հրահանգներին: Լավ, ես էլ հետևում եմ երկու նախագահների հրահանգներին»», – ասված է գաղտնի նամակում: