Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/:
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: